ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր՝ նոյեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ առաջիկա օրերին եղանակային լուրջ տատանումներ չեն կանխատեսվում։ Կարճատև անձրևները Հանրապետությունում կշարունակվեն մինչև նոյեմբերի 5-ի գիշերը։
«Նոյեմբերի 5-ից ցերեկվանից սկսած Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնը, որն արդեն 4-5 օր պտտվում է մեր երկրի վրա, դուրս կգա մեր հանրապետությունից, իր տեղը կզիջի անտիցիկլոնային դաշտին: Նոյեմբերի 5-ից սկսած տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն: Հանրապետության ամբողջ տարածքում կգերակշռի առանց տեղումների եղանակը»,- ասաց Գագիկ Սուրենյանը։
Նա նշեց, որ նոյեմբերի 6-ից էլ կսկսվի եղանակի պարզվելու պրոցեսը:
«Ինչ վերաբերում է օդի ջերմային ֆոնին, ապա առաջիկա 6-7 օրերին մենք հանրապետության տարածք ցուրտ օդային հոսանքների ներթափանցում չենք կանխատեսվում: Ներկա պահին, նույնիսկ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 2-3 աստիճանով: Նման ջերմային ֆոնը առանց լուրջ տատանումների կպահպանվի առաջիկա 5-7 օրերին»,-ասաց Գագիկ Սուրենյանը։