ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը վերահաստատում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպեն միայն մեկ օրակարգով՝ նրա հրաժարականի հարցով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ ճեպազրույցներում:
«Կառավարության հետ հարցուպատասխանին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը ներկայացրել է մեր խմբակցության դիրքորոշումն առ այն, որ Նիկոլ Փաշինյանի հետ կա հանդիպման մեկ օրակարգ, և դա կարող է լինել միայն նրա հրաժարականի շուրջ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Լրագրողը նկատեց՝ ընդդիմադիրները պահանջում էին, որ առաջին դեմքերը գային, իրենց հարցերին պատասխանեին, բայց երբ Փաշինյանը հրավիրում է փակ հանդիպման, խմբակցությունն իր պահանջը փոխում է՝ շեշտելով, որ միայն հրաժարականի թեմայի շուրջ կհանդիպեն, նա հետաքրքրվեց՝ սա ինչպե՞ս հասկանալ:
Աբրահամյանն արձագանքեց՝ խոսում են տարբեր երևույթների մասին: «Կա օրակարգերի խնդիր, ինչ օրակարգով է տեղի ունենում այդ հանդիպումը: Օրինակ՝ վերջին մեկ ամսվա ընթացում եղել են պահանջներ՝ ամենատարբեր հարցերի շուրջ ամենատարբեր պաշտոնյաներին խորհրդարան հրավիրելու և տարբեր ձևաչափերով նրանցից պարզաբանումներ ստանալու համար: Այն պաշտոնյաները, որոնք ասում էին, որ միշտ պատրաստակամ են, սակայն մի օր առաջ, օրինակ, հրատապ օրակարգով նախատեսված նիստին չէին ներկայացել: Օրինակ՝ դելիմիտացիայի հարցի իրավասու անձանցից մեկը հենց Արտգործնախարարն է, սակայն ԱԳ նախարարությունը ներկայացված չէր այդ քննարկմանը»,- ասաց պատգամավորը:
Ավելի վաղ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններին փակ ֆորմատով հանդիպել: