Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Ադրբեջան է մեկնել Վարանդայում օդանավակայանի բացման արարողության մասնակցելու նպատակով, խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ կրկին նախապայման առաջ քաշելով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու պայմաններում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում այլևս որևէ խոչընդոտ չի լինի: Շատ կարևոր է, որ սահմանները հստակեցվեն և փոխադարձ ճանաչվեն: Այս ըմբռնումն է ընկած բարիդրացիական հարաբերությունների հիմքում»:
Թուրքիայի ղեկավարը հավելել է նաև, որ իրենք շարունակելու են աջակցել «եղբայրական Ադրբեջանին»:
Նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը կատարել է հրադադարի համաձայնագրով նախատեսված բոլոր պայմանները, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային նորմերն ու պատերազմի դադարից շուրջ մեկ տարի անց փակի տակ է պահում հայ ռազմագերիներին: