Դատական դեպարտամենտի ներկայացուցիչների կարծիքով դատական համակարգում դրական տեղաշարժ է արձանագրվել

Գործադուլ կազմակերպած փաստաբանները պետք է սպասեին անցյալ տարի կազմակերպված գործադուլից հետո Դատաիրավական բարեփոխումների փաթեթում ներառված փոփոխությունների կիրարկմանը: Այս կարծիքին է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական Ռուստամ Մախմուդյանը: Նրա խոսքով` գուցե դատաիրավական բարեփոխումների փաթեթի կիրառումից հետո փաստաբաններին հուզող խնդիրը վերանար:

«Մամուլում կան հրապարակված տարբեր փաստաբանների կարծիքներ, որ Դատաիրավական բարեփոխումների այդ փաթեթի նախագիծը ներկայացվել է փաստաբաններին բոլորովին այլ բովանդակությամբ, իսկ հետագայում շրջանառության մեջ է դրվել այլ նախագիծ: Ես կարծում եմ, որ սա ոչ Վճռաբեկ դատարանի, ոչ էլ Դատական դեպարատենտի խնդիրը չէ»,- ասաց Ռուստամ Մախմուդյանը:

Նրանք համաձայն չեն այն կարծիքին, որ դատարանները շարունակում են կախվածության մեջ գտնվել դատախազներից, մի պարզ պատճառով, որ 2008 թվականին արդարացված դատավճիռները եղել են մինչև 3-ը, իսկ միայն 2012 թվականին 84-ը:

ՀՀ դատական դեպարտամենտի ներկայացուցիչ Հայկ Հարությունյանն էլ փաստաբանների կազմակերպած գործադուլի ժամանակ նշեց, որ Ամերիկյան իրավաբանների ընկերությունը դրական տեղաշարժ է արձանագրել դատավորների նշանակման գործընթացում: 2008 թվականի համեմատ գործերի բաշխումը 2012 թվականին գնահատվել է առավել չեզոք և այլն:

Ըստ նրա` նույն ընկերությունը չեզոքից բացասական է գնահատել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը: Հայկ Հարությունյանի խոսքով` եթե 2008 թվականի կարգապահական պատասխանատվության է ենթարկվել ընդամենը 1 դատավոր, ապա 2012 թվականին` 22 դատավոր:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել