Գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալությունը` հողամասերի, դրանց վրա ամրակայված գույքի հետ միասին կամ առանց դրա որոշակի ժամկետով, վարձավճարի դիմաց հանձնելն է քաղաքացիներին և իրավաբանական անձանց գյուղատնտեսական գործունեության համար:
Վարձակալությամբ տրամադրված հողամասի արդյունավետ օգտագործման և պայմանագրի պայմանների պահպանման դեպքերում վարձակալն ունի պայմանագիրը նոր ժամկետով երկարաձգելու նախապատվության իրավունք:
Նշենք, որ վարձակալը պետք է կատարի պայմանագրի պահանջները, իսկ վարձատուն պարտավոր է հատուցել դրա հետ կապված ծախսերը և բաց թողնված օգուտը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Վարձակալը, առանց վարձատուի համաձայնության, իրավունք չունի`
1) հողամասը տրամադրել ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով.
2) հողամասը լիովին կամ մասնակիորեն տրամադրել գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող իրավաբանական անձին` համատեղ օգտագործման նպատակով.
3) փոխել հողամասի նպատակային նշանակությունը, հողատեսքը.
4) հողամասը կամ դրա նկատմամբ իրավունքը գրավադրել.
5) կատարել բարելավումներ:
Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության համար վարձավճարի նվազագույն չափը սահմանվում է տվյալ հողամասի հողի հարկի դրույքաչափից ոչ պակաս:
Վարձատուն իրավունք ունի պահանջել գյուղատնտեսական վարձակալության պայմանագրի լուծում, եթե օրենքով սահմանված դեպքերում ու կարգով այդ հողամասերը ենթակա են մասնավորեցման կամ պայմանագրերով նախատեսված այլ դեպքերում:
Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող (բացառությամբ պետական և համայնքային սեփականության հողերի) գյուղատնտեսական նշանակության հողամասերն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող են տրամադրվել վարձակալությամբ շենքեր, շինություններ կառուցելու նպատակով: