Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և տուժածներ:
13 վիրավոր հոսպիտալացվել է:
Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են: Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է բավարարից` միջին ծանրության:
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ըստ նախնական տվյալների կա 5 զոհ և 13 տուժած։ Տուժածներից տասը գտնվում են «Արմենիա» ՀԲԿ-ում, երեքը՝ Աշտարակի ԲԿ-ում։