«Դահիճը բանտում». Սաակաշվիլիի դեմ բողոքի ցույց Ռուսթավիի բանտի դիմաց

Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկի դիմաց, որտեղ իր պատիժն է կրում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հոկտեմբերի 16-ին բողոքի ակցիա է անցկացվել, հայտնում է Aliq.ge-ն։

Ակցիան նախաձեռնել են Սաակաշվիլիի ղեկավարման տարիներին՝ իրենց խոսքով՝ քաղաքական հետապնդումների ենթարկված քաղաքացիներն ու իրենց հարազատները։

Տրիստան Ծիթելաշվիլին հայտարարել է՝ իրենք կհոգան, որ «Սաակաշվիլին մնա բանտում»։

Թոռնիկե Մոլաշվիլին հայտարարել է, որ ցույցի միջոցով պահանջում են արգելել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գործունեությունը, ինչպես ահաբեկչությունն ու ֆաշիզմն են արգելված։

Նախքան ցույցի մեկնարկը, Թոռնիկե Մոլաշվիլին ժխտել է այն փաստը, որ բողոքի ցույցը իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ համաձայնությամբ էր իրականանում։

«Վրաց ժողովրդի տեսակը շատ մոռացկոտ է, և նրանք չեն հիշում կամ չեն ցանկանում հիշել մեր նորագույն պատմությունը», — նշել է Մոլաշվիլին՝ Սաակաշվիլիի իշխանությունն անվանելով «արյունոտ ռեժիմ»։

Հիշեցնենք, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հոկտեմբերի 1-ին ձերբակալվեց, այնուհետև դատապարտվեց ազատազրկման։ Հոկտեմբերի 14-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում, Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Ազգային շարժում» կուսակցությունը և նրա աջակիցները անցկացրեցին բողոքի ցույց՝ պահանջելով ազատ արձակել վերջինիս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել