Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Հայաստանի՝ մեր հարևանի հետ. Ալիև

Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, հնարավոր է համարում Եվրամիության այս գործընթացին ակտիվորեն մասնակցելը, ասել է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը:

«Այժմ գլխավոր հարցը հետպատերազմյան շրջանն է, անվտանգությունն ու խաղաղությունը տարածաշրջանում: Մենք ցանկանում ենք շրջել այս էջը, սա մեր քաղաքականությունն է: Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Հայաստանի՝ մեր հարևանի հետ: Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանների սահմանազատման, հաղորդակցության բացման շուրջ: Այս գործընթացը մասամբ սկսվել է», – ասել է Ալիևը՝ ընդունելով Ադրբեջանում ԵՄ նոր դեսպան Պետր Միխալկոյին, փոխանցում է Интерфакс-ը:

Ալիևը նշել է, որ ԵՄ-ն նույնպես կարող է ակտիվորեն մասնակցել այս գործընթացին։ Նրա խոսքով՝ այս ուղղությամբ դեռ մեծ աշխատանք պետք է կատարվի։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել