Կառավարության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագծերը:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով համայնքների խոշորացման հարցին:
«Օրակարգ է բերվել մի հարց, որը մեր գնահատմամբ չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին, այն համարում ենք հստակ հանցագործություն, և դրա շրջանակներում քննարկվող հարցերը բնականաբար չեն կաչող լինել օրինական»,-ասաց նա:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք հետամուտ են լինելու հարցի հետագա իրավական ընթացքին, պահանջելու են նախագահից համապատասխան ընթացակարգով վիճարկել հարցը:
«Հայաստանի իշխանություններն այդպես էլ չեն հասկանում առաջնահերթությունները: Արդեն 12-րդ օրն է, որ մենք պահանջել ենք Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Արտաքին գործերի նախարարի, Պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղիղ մասնակցությամբ իրականացնել քննարկում: Մինչդեռ մենք տեսնում ենք, թե ինչ լարված օրեր են առաջանում: Ոչ միայն Էրդողանի հետ սիրախաղերը, այլ նաև Ալիևի վերջին հայտարարությունները հստակ մատնանշում են այն մասին, որ մենք գործ ունենք մեր պետության առաջնահերթություն համարվող անվտանգային խնդիրների հետ: Ելնելով այս ամենից՝ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում այս ապօրինություններին»,-ասաց Արծվիկ Մինասյանը և լքեց նիստերի դահլիճը: