Գորիսում հնչած կրակոցների հետևանքով տուժած գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, գրեթե փոփոխություն չկա: Կրկին վիրահատական միջամտության հավանականությունը մեծ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ հակառակորդն այս օրերին իրեն դրսևորել է նույն կերպ. «Սահմանին միշտ էլ փորձում է առաջացնել նոր լարումներ, սակայն ստանում է արժանի հակահարված և հետ շպրտվում: Եղածի պատասխանատվությունը կրում է հակառակորդը: ՀՀ ԶՈՒ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, ոչ մի կորուստներ չունենք»:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանություն են բերման ենթարկվել և հրավիրվել դեպքին մասնակից, ականատես հնարավոր վկաները, որոնք հարցաքննվում են: Կան ձերբակալվածներ: