Քիչ առաջ տեղեկացանք, որ ԱԺ պատգամավորները ստացել են պարգևավճար․ Իշխան Սաղաթելյան

«Շաբաթվա կարևոր և գլխավոր թեման՝ Գորիս-Կապան ռազմավարական և ստրատեգիական ճանապարհին Ադրբեջանի կողմից ոստիկանանկան անցակետի տեղադրումն էր: Նստաշրջանը սկսելուց անմիջապես հետո մենք հայտարարեցինք, որ պահանջում ենք՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Պաշտպանության նախարարը գան Ազգային ժողով, տեղի ունենա փակ նիստ և այդ թեմայով քննարկում: Շաբաթն ավարտվում է, բայց այդ հանդիպումը դեռ տեղի չի ունեցել: Իշխանությունները ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շահերը և ստեղծված իրավիճակում հայտարարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են»,- այս մասին Ազգային ժողովի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Աժ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Ըստ նրա, դա պետական դավաճանության դասական օրինակ է:

«Քիչ առաջ, տեղեկացանք, որ ԱԺ  պատգամավորներն, այդ թվում՝ ընդդիմադիր, ստացել են պարգևավճար: Շատ մանրամասներ չգիտենք, որովհետև րոպեներ առաջ է տեղի ունեցել: Ենթադրում ենք, որ դա Անկախության տոնին է նվիրված: Սա մեզ համար անընդունելի է: «Հայաստան» դաշինքի անունից հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից մենք չենք օգտվելու, դա դատապարտելի է»,-ասաց ԱԺ փոխխոսնակը:

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ գումարը կամ կվերադարձնեն պետական բյուջե կամ ՀՀ սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնեն որևէ ծրագիր:

«Մենք պատրաստվում ենք պարգևավճարի ինստիտուտի հետ կապված բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան, քանի որ գտնում ենք՝ այն ինչ կատարվում է, առանց չափորոշիչների պարգևավճար իրականացնելը, դա ապօրինի գործընթաց է»,-ասաց նա:

Կարգադրության մեջ, նշվում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության երեսուն ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորներից բացի, պարգևավճար են ստացել նաև ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել