Արտակ Բուդաղյանին կրկին վիրահատել են. չի բացառվում նոր վիրահատական միջամտությունը

Գորիսում հնչած կրակոցների հետևանքվ տուժած գնդապետ Արտակ Բուդաղյանին բժիշկները կրկին վիրահատել են` մարմնից հանելով ևս մեկ գնդակ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ներկայումս վիճակը շարունակում է ծանր մնալ: Չի բացառվում նոր վիրահատական միջամտությունը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան,  Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք  Բուդաղյանը  ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ  Բուդաղյանը  և 1975 թ. ծնված Նիկոլայ  Աբրահամյանը  հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հ. Հունանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ա. Զաքարյանը և  Սյունիքի մարզային վարչության պետ Վ. Ավագյանը: 

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանություն են բերման ենթարկվել և հրավիրվել դեպքին մասնակից, ականատես հնարավոր վկաները, որոնք  հարցաքննվում են: Կան  ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն:

 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել