Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող Covid-19 կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Մինչ օրակարգի քննարկումը, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին: Փոխվարչապետը խնդրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տեղեկատվություն ներկայացնել ընթացիկ իրավիճակի և այն մարտահրավերների վերաբերյալ, որոնք պայմանավորված են պատվաստումներով, նախարարի որոշման նախագծով և այն օրենքի նախագծով, որը վերաբերում է հանրային ծառայության ոլորտի աշխատակիցներին և այդ առումով ենթադրվող պատասխանատվությանը, այդ թվում՝ տուգանքներին, ՊՇՌ թեստերին:

Առողջապահության նախարարը զեկուցել է հետևյալը. «Սեպտեմբերի 16-ի դրությամբ՝ իրականացվել է 6049 թեստ, դրական դեպքերի ցուցանիշը կազմում է 764: Ցավոք, երեկ գրանցվել է 19 մահ: Նորից պիտի շեշտեմ, որ դելտա շտամով պայմանավորված՝ ունենք մահացության և ծայրահեղ ծանր, ծանր ընթացքի համամասնության մեծացում: Օրինակ, երբ անցյալ տարի ունենում էինք 764 դրական դեպք, հոսպիտալացման տոկոսը կազմում էր շատ ավելի նվազ, քան հիմա է: Սա ի՞նչ է նշանակում՝ որ նույն ցուցանիշի պարագայում մենք զբաղեցնում ենք շատ ավելի շատ մահճակալ, և մեր մահճակալային ֆոնդը շատ ավելի արագ է սպառվում: Այս պահին մեզ մոտ ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը, միայն վերակենդանացման 319 մահճակալից զբաղված է 289-ը: Իհարկե, սա ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում նկատվող միտում է:

Եվս մեկ միտում ենք գրանցում՝ հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստումը չեն ստացել: Սա շատ կարևոր ցուցանիշ է: Մենք դիտարկում ենք՝ Իսրայելում, Միացյալ Թագավորությունում, եվրոպական երկրներում, որտեղ պատվաստման ցուցանիշը բավական բարձր է, նկատելի է հիվանդացության աճ, բայց հոսպիտալացման և մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության առումով անհամեմատելի է անցյալ տարվա հետ, իր թեթևությամբ: Այսինքն` Covid-19 համավարակը հաղթահարելու մեր գերխնդիրը ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է և առողջապահական համակարգին թույլ տալը՝ հասցնել հիվանդներին պատշաճ բժշկական օգնության տրամադրումը:

Եվս մեկ հատկանշական բան. առջևում աշուն է, գիտենք, որ աշնանը ընդհանուր առմամբ նկատվում է հիվանդացության աճ՝ սրտանոթային հիվանդություններ, շատ քրոնիկ հիվանդություններ այս ընթացքում սրվում են: Բայց եթե ամբողջ հանրապետության մահճակալային ֆոնդի մեծ մասը շարունակում է սպասարկել Covid-19-ով հիվանդներին, դժվար է դառնում այլ հիվանդություններով մարդկանց բուժօգնություն տրամադրելը: Դրա համար մեր հորդորն է, խնդրանքը, որ միացյալ ջանքերի շնորհիվ հնարավորինս կառավարելի շրջանակում պահենք հիվանդության տարածումը և թույլ տանք, որ բժիշկների պայքարն արդյունավետ լինի:

Առիթը բաց չթողնեմ և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեմ մեր բուժաշխատողներին, ովքեր մեկուկես տարի է՝ օրուգիշեր պայքարում են հիվանդների կյանքի համար: Գիտեք, դժվար է ամեն օր բախվել նույն վիճակին. անգամ վերակենդանացման բաժանմունքի բժիշկները, ովքեր կարծես էմոցիոնալ առումով շատ ավելի ամուր են, բայց բոլորը հոգեկան ուժերի սպառման եզրին են: Պետք է նաև այս կարևոր շեշտադրումն անենք: Մենք խոսում ենք տարբեր մասնագիտությունների մարդկանց մասին և փորձում ենք նրանց իրավունքները շեշտադրել, ինչը շատ լավ է, կարևոր է, բայց ուզում եմ չմոռանանք նաև մեր բուժաշխատողներին: Անցյալ տարի, երբ համավարակը նոր էր սկսվել, շատ հանրային աջակցության ալիք կար, որն իսկապես կարևոր է: Բայց քանի որ վարակի ընթացքը երկար է, չմոռանանք բուժաշխատողների վրա այս գերծանրաբեռնվածությունը և օգնենք, որ նրանք վերադառնան նաև այլ հիվանդությունների դեմ պայքարի իրենց առաքելությանը:

Հոկտեմբերի 1-ից, այո, ուժի մեջ է մտնում պահանջը՝ ժամանակ առ ժամանակ հավաստելու վարակակիր չլինելու փաստը: Ընդհանրապես համաճարակաբանական բոլոր միջոցառումները պետք է դիտարկենք ամբողջության մեջ: Որևէ միջոցառում ինքնին չի կարող երաշխավորել վարակի տարածման կամ հիվանդության բացառումը: Բայց երբ համադրության մեջ ստեղծում ենք մի շարք ֆիլտրեր, հնարավորություն ենք ունենում զսպելու վարակի տարածումը: Նման ֆիլտր է, օրինակ, Հայաստանի Հանրապետության սահմանն անցնելիս ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: Արդյոք սա 100 տոկոսով բացառո՞ւմ է հիվանդ անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ իհարկե ոչ, որովհետև 72 ժամվա ընթացքում էլ մարդը կարող է վարակն ընդունել, և նման հնարավորություն կա, բայց մենք շատ մեծ տոկոսով նվազեցնում ենք Հայաստանի Հանրապետություն վարակի նորանոր ներթափանցման դեպքերը: Եվ մենք դրանում հավաստվեցինք, երբ 2-3 ամիս առաջ Հնդկաստանում, այլ երկրներում շեշտակի ավելացավ վարակի տարածումը, և իսկապես ամբողջ տարածաշրջանում դելտա շտամի վարակն ուժգնացավ, մենք, հստակ պահպանելով այս ֆիլտրերը, կարողացանք զսպել Հայաստանում այդ ընթացքում վարակի կտրուկ տարածումը: Ինչո՞ւ էի սա նշում. նույնկերպ 14 օրը մեկ անգամ թեստավորման պահանջը ևս մեկ ֆիլտր է: Այո, կարող էինք դնել՝ 3, 5, 1 օրը մեկ անգամ, բայց վերցրել ենք ռացիոնալ ինկուբացիոն շրջանի ինչ-որ մի թիվ և խնդրում ենք, որպեսզի մեր քաղաքացիները հավաստեն վարակակիր չլինելու փաստը: Բացառություն են կազմում պատվաստվածները, հղի կանայք և, իհարկե, հակացուցում ունեցող քաղաքացիները:

Մի փոքր նշեմ հակացուցումների մասին: Հակացուցումների հետ կապված պետք է տրամադրվի բժշկական տեղեկանք: Լինում են ժամանակավոր և բացարձակ հակացուցումներ: Եթե, օրինակ, քաղաքացին ունի խրոնիկ հիվանդության սրման փուլ, բժիշկը նրան հետազոտելուց հետո կտա տեղեկանք, որը ներկայացնելու պարագայում աշխատակիցը պարտավոր չի լինի անընդհատ թեստավորվել: Երբ սրման ընթացքը կանցնի, նա արդեն կարող է հանգիստ պատվաստվել, և հենց առաջինը նրան է ցուցված պատվաստվելը: Մեր հոգածության կենտրոնում նաև ռիսկի խմբում գտնվող մեր քաղաքացիներն են: Կանոնը հավասարապես գործում է բոլորի համար՝ թե՛ հանրային իշխանության բոլոր ճյուղերի, թե՛ մասնավոր, թե՛ պետական համակարգի աշխատակիցների: Հրամանում որևէ տարբերակում դրված չէ, և բոլորը հավասար նույն կանոնի հետևանքները պետք է կրեն»:

Փոխվարչապետ Պապիկյանը ընդգծել է, որ նշված կանոնի հանրային պարզաբանումը շատ կարևոր է՝ թյուրընմբռնումներից խուսափելու համար: «Տիկին Ավանեսյան, հանրության մեջ լայն քննարկման առարկա է, որ պետական պաշտոնյաների մասին կետ չկա, և ինչո՞ւ պիտի նրանք ազատված լինեն: Ուզում եմ հնչեցնեք նաև պետական մարմինների պատվաստման մոտավոր ցուցանիշները որպեսզի հանրությանն ավելի պարզորոշ դառնա, որ մենք առաջնորդող դերակատարում ստանձնել ենք, ու մեր օրինակով փորձում ենք ցույց տալ դրա կարևորությունը», – ասել է փոխվարչապետը:

Առողջապահության նախարարը զեկուցել է, որ պետական ապարատի աշխատակիցները, առաջին հերթին քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց հոկտեմբերի 1-ին սպասելու, արդեն 2-3 ամիս է՝ ակտիվ պատվաստվում են, և պետական ապարատը, առաջնորդությունը վերցնելով, առանց հարկադրանքի որևէ սպասելիքի, իր պատասխանատվության մասնաբաժինն իրականացրել է: «Եվ նորից կրկնում եմ՝ անկախ այս փաստից էլ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա: Եթե չպատվաստված նման անձ կա, պարտավոր է 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները», – նշել է նախարարը: Նա ընդգծել է, որ պետական քաղաքականության շրջանակում տրվող կարգավորումները և սահմանափակումներն ուղղված է քաղաքացիների կյանքի, առողջության պահպանմանը և ընդհանուր հանրային առողջապահական անվտանգության ապահովմանը: Մյուս կարևոր ուղղությունը տնտեսական անվտանգության և նորմալ գործունեության շարունակականությունն է, որն անհնար է դառնում, երբ Covid-19-ը դուրս է գալիս կառավարելի շրջանակներից: «Առաջին հերթին, դա ուղղված է հենց նրան, որ մենք օրական 19 մահ չգրանցենք: Ցավալի մեկ փաստ էլ նշեմ՝ ընդհանրապես Covid-19-ի դաժանությունը նրանում է, որ այս մարդիկ օրերով, ամսով միայնակ հիվանդանոցի սենյակում պայքարում են իրենց կյանքի համար: Իսկ մենք գիտենք, թե մեր՝ ընտանեկան շատ ուժեղ կապերի մշակույթի մեջ ինչքան ծանր է մենակ այս ընթացքն անցնելը: Հենց սրան է ուղղված մեր քաղաքականությունը՝ պաշտպանելու մեր քաղաքացիների առողջությունը, պաշտպանելու մեր ուսուցիչներին, որոնք օրուգիշեր աշխատում են մեր երեխաներին կրթելու համար, պաշտպանելու մեր պրոֆեսորադասախոսական կազմին, մեր գիտնականներին, մեր բժիշկներին, բոլոր-բոլոր այն մասնագիտություններով աշխատողներին, որոնք իրենց պարտքը կատարելիս ստիպված են շփվել շատ մեծ քանակությամբ անձանց հետ: Կարծում եմ, որ մեր հանրային պատասխանատվության և բարձր գիտակցության շնորհիվ պիտի շատ սահուն կերպով հոկտեմբերի 1-ից հետո էլ պատվաստումային գործընթացն անցնենք»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ս.թ. օգոստոսի վերջի դրությամբ պետական ապարատի պատվաստման ցուցանիշն ավելի քան 85 տոկոս է: Նրա խոսքով՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների գերակշիռ մեծամասնությունը պատվաստված է, պատվաստված չեն նրանք, ովքեր ունեն հակացուցումներ: Ակնկալվում է, որ այս ամիս, հակացուցումներով հանդերձ, պետական ապարատի պատվաստման ցուցանիշը կմոտենա 100 տոկոսին, ինչով և կդրսևորվի պետական համակարգի առաջնորդությունն այս գործընթացում:

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ նշել է, որ թե՛ աշխարհի, թե՛ տարածաշրջանի մասշտաբով Հայաստանի Հանրապետությունն առաջնային տեղում չէ պատվաստված քաղաքացիների թվով: «Սա խիստ մտահոգիչ է, և սրա հետևանքով մենք հայտնվում ենք տարբեր կարմիր գոտիներում, որի արդյունքում ավելի պակաս թվով զբոսաշրջիկներ են գալու Հայաստան, ավելի քիչ թվով Հայաստանի քաղաքացիներ են իրավունք ունենալու հեշտությամբ լինել աշխարհի տարբեր երկրներում: Իմ կոչը՝ հնարավորինս արագ պատվաստվել և զերծ պահել՝ թե՛ ձեզ, թե՛ ձեր ընտանիքներին, թե՛ շրջապատին, վարակվելու հավանականությունից», – ընդգծել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել