Վերակենդանացման մահճակալների թիվը 319 է, զբաղված է 289-ը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասել է, որ կորոնավիրուսի «Դելտա» շտամով պայմանավորված առկա է մահացության և հիվանդության ծայրահեղ ծանր ընթացքի համամասնության մեծացում։

«Նախորդ տարվա համեմատ նույն ցուցանիշի պարագայում այս տարի մահճակալային ֆոնդը շատ ավելի արագ է սպառվում։ Այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը։ Վերակենդանացման մահճակալների թիվը 319 է, զբաղված է 289-ը։ Սա ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում նկատվող միտում է։ Հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն կամ չեն ստացել ամբողջական պատվաստում»,- ասել է նախարարը։

Անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող՝ ժամանակ առ ժամանակ վարակակիր չլինելու մասին հավաստելու պահանջին, Անահիտ Ավանեսյանն ասել է, որ կանոնը հավասարապես գործելու է բոլորի համար՝ թե հանրային իշխանության ճյուղերի, թե մասնավոր, թե պետական աշխատողների։

«Այս պահին պետական ապարատում ունենք 70 տոկոսից բարձր պատվաստման ցուցանիշ։ 14 օրը մեկ թեստավորման պահանջ չի տարածվելու միայն պատվաստվածների, հղի կանանց եւ հակացուցում ունեցողների վրա»,- ասել է նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել