Քրեակատարողական ծառայության պետ նշանակվեց Սերգեյ Ատոմյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 15-ի որոշմամբ՝ Սերգեյ Ատոմյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից և այլ պաշտոնի նշանակվել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»,-նշված է որոշման մեջ:

Նշենք, որ սեպտեմբերի 3-ին քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվեց Արթուր Գոյունյանը։

Իրավաբան․net-ը ներկայացնում է Ատոմյանի կենսագրությունը․

Ծնվել է 1986թ. հուլիսի 6-ին Արարատի մարզի Դվին գյուղում:

2004-2006թթ. ծառայել է ՀՀ ոստիկանության ներքին զորքերում: Պահեստազորի ավագ լեյտենանտ:

2010թ. ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2017թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան: Իրավագիտության մագիստրոս:

2012-2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության, ապա Արարատի մարզային քննչական վարչության քննիչ: 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ: Արդարադատության կապիտան է, արդարադատության առաջին դասի խորհրդական:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել