Հայ ծնողներ, իրավունք չունեք լռելու․ 8-9 տարեկան երեխաները ոմն հոգեբանի դասավանդությամբ անցնելու են սեռակրթություն․ ահազանգ հոգևորականից

Ցավով և տագնապով և արդար բարկությամբ ինձ հարազատ ու սիրելի մի անձից տեղեկացա այսօր, որ կրթական մի հաստատությունում (թերևս նաև մնացյալներում՝ պետական ու մասնավոր) 4-րդ դասարանից սկսյալ, ոմն հոգեբանի դասավանդությամբ անցնելու են սեռակրթություն… 4-րդ դասարան, 8-9 տարեկան երեխաներ… Խնդրի մասին լսել էի ժամանակ առաջ, սակայն գաղափար չունեի, որ այլևս գործադրելի է, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ահազանգել է Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Հոգևորականը երևույթը մեր կրթական համակարգում անընդունելի և անհանդուրժելի է համարել։

Հայր Ասողիկ աբեղան, մասնավորապես, գրել է․

«Որևէ կերպով հիմնավորելի չէ այս «առարկան». անմիտներ, մենք, որ կրթվել ու զարգացել ենք խորհրդային կրթական համակարգով, որտեղ նման մտախեղ ու հոգեսպան առարկա չի եղել, մի՞թե հայ ընտանիքը չի ձևավորվել, Ազգն առողջ աճ չի արձանագրել:

Այս ամենը հերթական դիմակ է, որի ներքո միմիայն մեկ նպատակ է հետապնդվում՝ փլեցնել ազգային արժեհամակարգը:

Հայ երեխայի սեռային կրթության ու դաստիարակության օջախը՝ հայ ընտանիքն է: Դպրոցը՝ ուսուցիչ-ծնողը լոկ կարող է օգնել այդ հարցում, եթե երեխայի մոտ նկատվեն շեղումներ:

Ամեն կերպ պետք է ընդդիմանալ այս նենգ ու վնասարար «առարկային», ամեն ջանք ի գործ պետք է դնել և Հայ Դպրոցից դուրս շպրտել ազգակործան ամենայն ինչ:

Հայ ծնողներ, իրավունք չունեք լռելու, իրավունք չունեք անտարբերության թույնով ձեզ մեռցնելու. դուք պարտք, սուրբ պարտք ունեք հանդեպ Հայրենիքի ու Ազգի, նախնյաց ու Արարչի:

Հարկ է ծնողական խմբերով մասնակցել այս «առարկայի» դասերին և ունկնդրել, թե ինչ են հրամցնում ձեր՝ մեր զավակներին:

Տեր կանգնեցեք Ձեր զավակների բարոյական առողջությանը, ազգային նկարագրին և ինքնագիտակցությանը: Մանուկ հասակից, եթե այլասերվեց երեխայի միտքն ու սիրտը՝ թերևս նա այլևս չհասնի չափահաս տարքի… Ոչ Ազգին, ոչ Հայրենիքին, ոչ Եկեղեցուն և ոչ էլ Ամենասուրբ Աստծուն հարկավոր չեն կենդանի դիակներ. այո, երբ մարդն ապրում է լոկ մարմնով ու մարմնականով՝ զուրկ հոգեմտավոր բարոյական կառույցից, նա մեռյալ է, լոկ մսեղեն մի զանգված, աղբանոցին վայել մի ապրանք…

Ահա, հերթական անգամ ձեր ականջներին հնչում է զգուշացման ու զգաստության ղողանջը. լսեցեք և խորհեցեք և գործեցեք: Չարիքին հաղթել է պետք. մեր միտքն ու սիրտն ու հոգին հար ծաղկուն պահենք, որպեսզի պտուղները կյանքի միշտ լինեն քաղցրահամ ու կեցուցիչ:

Ասողիկ աբեղա Կարապետյան

Զինվորյալ միաբան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել