Եթե մի երկրում առկա է փաստացի չաշխատող բժշկական համակարգ, իհարկե բնակչությունը չի վստահի առողջապահական գերատեսչության որևէ ասածի. Արսեն Թավադյան

Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում Covid-ի դեմ պատվաստվողների տոկոսը 7 է` աշխարհում շատ ցածր ցուցանիշ: Այս երևույթը, ինչպես հասարակական ցանկացած երևույթ, կարելի է բացատրել երկու տրամաբանությամբ`

1. Կոնկրետ մարդիկ հիմար են, անկիրթ են, այ ես կիրթ եմ, որ հասկանում եմ: Սա ուղիղ ճանապարհ է դեպի էլիտարիզմ, սոցիալ-դարվինիզմ, իսկ մի կանգառ այն կողմ Ձեզ է սպասում ռասայական տեսությունը:

2. Համակարգն այնպիսի է, որ կոնկրետ մարդու մոտ չկա որևէ տնտեսական, սոցիալական մոտիվացիա՝ վարվել օրենքի պահանջածով: Ես վստահ եմ, որ միայն այս երկրորդ տրամաբանությամբ շարժվելու դեպքում մենք իսկապես կարող ենք փորձել կառուցել նորմալ հասարակություն:

Եվ այսպես. շատ եմ կարդում, թե ինչպես են «կիրթ» քաղաքացիները մեծամտորեն գրում, որ Հայաստանի մնացած քաղաքացիները մեծ հաշվով խոտան են, հենց դրա համար էլ մեզ մոտ պատվաստումների տոկոսը ցածր է, հենց դրա համար էլ չենք կարող կառուցել նորմալ երկիր: Սակայն, Հայաստանում պատվաստումների ցածր տոկոսը օբյեկտիվորեն բացատրելի է`

1. Երեսուն տարի կրթության և գիտության ֆինանսավորմամբ ետնապահ երկիր լինելը: Դպրոցական միջին գիտելիքներ ունեցող մարդը վստահ կհասկանա «պատվաստանյութը կուտակվում է ռեպրոդուկտիվ համակարգում», «պատվաստումը փոխում է մարդու գենը» արտահայտությունների ամբողջ հակագիտական աբսուրդը: Բայց դե 30 տարիների ընթացքում ոչ ներառական էլիտարիզացվող դպրոցական համակարգի արդյունքը պետք է լինի հենց այդպիսի մարդկանց բացակայությունը:

2. Անարդյունավետ և ոչ վստահելի բժշկական համակարգ: Եթե մի երկրում առկա է փաստացի չաշխատող բժշկական համակարգ, իհարկե բնակչությունը չի վստահի առողջապահական գերատեսչության որևէ ասածի:

Այսինքն, հայերը չեն պատվաստվում, ոչ թե նրա պատճառով որ մենք խոտան ենք, այլ որովհետև 30 տարիների համակարգը, կամ ավելի շուտ` դրա բացակայությունը, ամեն ինչ արել են, որ մարդիկ չվստահեն, չուզենան հետևել պետական իշխանության ասածին:

Պատվաստում անցկացնող որևէ իշխանություն առաջին հերթին պետք է սա հասկանա: Հիմնավորելու համար պատվաստվելուն պարտադրելը հիմա էլ իշխանությունները հղում են կատարում ԽՍՀՄ փորձին: Բայց ախր ԽՍՀՄ-ում իշխանությունը փաստացի գրեթե ջանք չէր թափում պատվաստվել պարտադրելու համար: Պետությունը ջանք չէր խնայում մարդկանց կրթելու համար: Հենց դրա պատճառով էլ ճնշող մեծամասնության մոտ ուղղակի չէր գալիս միտք, որ պատվաստվելը վատ է: Իսկ որևէ մեկը, որ որոշեր իրեն փորձագետ հռչակել և հրապարակային քարոզել, որ պատվաստումը չարիք է, ինչև բոլոր տեսակի պետական մարմինների կողմից հետաքրքրություն առաջացնելն առաջին հերթին ընդունելի չէր լինի հենց բնակչության համար:

Այնպես որ, եթե իշխանություններն ուզում են ավելացնել պատվաստումների տոկոսը, ռեպրեսիվ մեթոդներին զուգահեռ պետք է միջոցներ ձեռնարկեն կրթական համակարգն ուղղելու և առողջապահական համակարգին վստահություն տալու ուղղությամբ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել