20-օրյա հացադուլից հետո Ֆիզգոռոդոկի բնակիչ Հայկ Հարությունյանը երեկվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ: Այս մասին տեղեկանում ենք «ՖիզԳորոդոկ Երևան» ֆեյսբուքյան էջից:
«Քաղաքապետարանը սրբագրում է կառուցապատողի ապօրինությունները և ինդուլգենցիայի թղթեր է բաժանում` հետին թվով օրինականացնելով առանց թույլտվության կառուցված պարիսպը և շինհրապարակը։ Մինչ օրս մեզ չեն տվել Հողային օրենսգրքի 60 հոդվածի մասին տեղեկանքը։ Շինարարությունը կասեցված չէ, չնայած որ քրեական գործը հարուցված է։ Ես պահանջում եմ անհապաղ ձեռնարկել այդ քայլերը»:
Այս մարդու առողջությանը հասցված վնասի ու թաղամասի բնակիչների բնականոն կյանքի խաթարման համար պատասխանատու են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ոստիկանությունը, Դատախազությունը, այն բոլոր պաշտոնյաները, որոնց հանցավոր անգործությունը հանգեցրել է այս հետևանքներին»,- նշված է ֆեյսբուքյան էջում։
Ֆիզգորոդոկի բնակիչներն այսօր նաև բողոքի ակցիաներ են անցկացնելու. ժամը 11:00 Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ (Տիգրան Մեծ 23/1), որտեղ քննվելու է բնակիչների բողոքարկումը՝ նախկինում քրեական գործ չհարուցելու վերաբերյալ։ Այդ գործի` ժամանակին հարուցվելու դեպքում հնարավոր կլիներ կանխել ապօրինի շինթույլտվության տրամադրումն ու շինաշխատանքների մեկնարկը։
Ժամը 12:00-ին հավաքվելու են Երևանի քաղաքապետարանի առջև, որտեղ ընթանալու է Ավագանու նիստ։
«Մեր պահանջը Երևանի քաղաքապետարանից նույնն է՝
. անհապաղ կասեցնել ապօրինի շինարարությունը,
.տրամադրել մի տարի շարունակ պահանջվող փաստաթուղթը,
.վերացնել ապօրինի տեղադրված պարիսպը
Ավագանու անդամներից ակնկալում ենք
.դուրս գալ և հանդիպել քաղաքացիներին,
.մեր բողոքը հնչեցնել նիստի ընթացքում և ստանալ կոնկրետ պատասխաններ,
.անել հանրային հայտարարություն՝ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ թաղամասի երկու բնակիչ արդեն 20 օր է՝ հացադուլի մեջ է, որոնցից մեկն անցել է ջրադուլի»,- նշված է «ՖիզԳորոդոկ Երևան»-ում։
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդը 2020 թվականի հունիսի 12-ին հավանության է արժանացրել Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը:
Կառուցապատվող տարածքը գտնվում է Երևանի՝ Արտեմ Ալիխանյանի անվան Ֆիզիկայի ինստիտուտի կողքին՝ Աջափնյակ վարչական շրջանի «Ֆիզգոռոդոկ» թաղամասում: Այն Երևանի ամենականաչ ու պատմություն ունեցող վայրերից է։ Կառուցվել է 1950-ական թվականներին՝ Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցների համար։
Հանրային քննարկման դրվելուց հետո նոր նախագիծը հաստատվել է` չնայած թաղամասի բնակիչների մի մասի մտահոգությանը: Տարածքում նախատեսվում է կառուցել 12 հարկանի բարձրահարկ շենք: Ֆիզգորոդոկի հարակից շենքերի բնակիչները դեմ են 12 հարկանի շենքի կառուցմանը, նաև նշում են, որ տարածքը ճանաչվել է հուշարձան:
Նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում: