ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 26-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 17-ամյա բնակիչը, իրեն և իր ընտանիքի անդամներին հայհոյելու դրդապատճառով, 26-ամյա տղամարդուն ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, 2021թ. մարտի 27-ին գնացել է Գյումրի քաղաք, որտեղ Երևանյան խճուղու շենքերից մեկում տեղակայված մթերային խանութի աշխատակիցներին ու շենքի բնակիչներին ցուցադրելով իր բջջային հեռախոսի մեջ առկա վերջինիս լուսանկարը, տեղեկություններ է ստացել նրա բնակության հասցեի վերաբերյալ: Այնուհետև գնացել է նույն շենքում գտնվող` 26-ամյա տղամարդու բնակարան և անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու պատրվակով դուրս կանչել նրան և աստիճանների վրա իր հետ նախապես վերցրած ծալովի դանակով դիտավորությամբ հարվածելով վերջինիս կրծքավանդակի հետին մակերեսի հարողնաշարային հատվածին՝ սպանել նրան:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 17-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: