ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն առաջարկում է երկիրը «մաքրել նախընտրական տրամադրություններից», պոկել բոլոր նախընտրական պաստառները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թովմասյանն այս մասին ասաց ԱԺ նիստում՝ ԿԸՀ հաղորդման ներկայացմանն իր ելույթում:
Ըստ Թովմասյանի՝ ընտրությունները պետական համակարգի համար փորձություն են, հասարակության համար՝ սթրես:
«Եվ մենք շարունակում ենք մինչև օրս չհաղթահարել այդ սթրեսն այն պարզ պատճառով, որ մի շարք համայնքներում կամ գրեթե բոլոր համայնքներում նախընտրական պաստառները շարունակում են փակցված մնալ»,-ասաց պատգամավորն ու հավելեց, որ արդեն սկսել է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն:
Թովմասյանը նկատեց՝ շենքերի վրա և այլ վայրերում շարունակում են մնալ նախընտրական քարոզչական պաստառներ՝ հիմնականում իշխանական:
«Այնպիսի տպավորություն է, թե մարդիկ վախենում են կամ խուսափում են պաստառ պոկելուց, բայց դա նորմալ չէ: Ըստ իս՝ շատ հեշտ է կազմակերպել, որ ամբողջ երկիրը մաքրվի նախընտրական տրամադրություններից: Կարծում եմ՝ այդ մասով պետք է իմպերատիվ գործիքակազմ կիրառենք, որ ընտրություններից առնվազն մեկ շաբաթ հետո երկիրը մաքրվի նախընտրական պաստառներից»,-ասաց նա:
Պատգամավորը խնդրեց ԿԸՀ նախագահին ներկայացնել իր տեսլականը, հայտնեց իրենց քաղաքական ուժի համագործակցության պատրաստակամությունը՝ իսպառ լուծելու այդ խնդիրը: