Մարզպետն ասում է՝ ադրբեջանցիներն իրենց տարածքում են դրել ոստիկանական կետը, ռուսներն էլ այնտեղ են. դուք ինչի՞ համար եք․ Աննա Գրիգորյան

Ազգային ժողովում մտքերի փոխանակության ժամանակ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Նա անդրադարձ կատարեց Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական անցակետերի տեղադրման հարցին:

«ԱԺ նախագահը փաստացի ընդունեց, որ չի տիրապետում, թե ինչ է կատարվում Սյունիքում: Սա պետք է ցավով արձանագրել, որովհետև ԱԺ նախագահն ի պաշտոնե 2-րդ մարդն է ՀՀ-ում, և եթե թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի ղեկավարը չգիտի՝ ինչ է կատարվում Սյունիքում, սա ինչպե՞ս կարելի է բացատրել»,-նշեց նա:

Աննա Գրիգորյանը վստահ է, որ Ալեն Սիմոնյանը կարդացել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

«Քանի որ Կովսականն ու Սանասարը որևէ կերպ ներառված չեն եղել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, հետևաբար՝ այո՛, այդ տարածքները հանձնել եք: Հանձնել եք Գորիս-Կապան, այն է Հայաստան-Իրան միակ միջպետական ճանապարհը»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունից Իրավաբան․net-ին հայտնել են, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել