Ադրբեջանցիները ոստիկանական կետ են տեղադրել, ինչը փաստում է, որ պայմանավորվածություններ են եղել. Աննա Գրիգորյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ազգային ժողովի 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի առաջին նիստի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին:

«Սյունիքում ստեղծված իրավիճակը շատ մեծ անվտանգային խնդիրներ է պարունակում, սա է, որ ԱԺ-ն այսօր պետք է քննարկի, հարցը հրատապ է: Այսօր էլ մեր հայրենակիցները Կապան-Գորիս ճանապարհով երթևեկում են և չգիտենք, թե ինչպիսի ռիսկերի և վտանգների առջև կարող են նրանք կանգնել: Հիմա ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունից ելնելով և հաշվետվողականության տրամաբանության մեջ կարո՞ղ եք ասել մեր հայրենակիցներին, այնտեղ ի՞նչ է կատարվում, արդյոք այս պահին ապահով է մեր հայրենակիցների համար այդ ճանապարհով անցնելը»,-ասաց Աննա Գրիգորյանը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ որդեգրվել է ամենաբաց աշխատանքի տրամաբանությունը, դա ամենաճիշտ ձևն է աշխատելու:

«Երբ դու ի սկզբանե ամեն ինչ բաց ասում ես, դու քաղաքական առումով ապահովագրում ես քեզ, որ հետագայում չստացվի, որ իրականությունը և քո ասելիքը իրարից տարբերվել են: Այն ինֆորմացիան, որը կա պաշտոնապես, այդ ինֆորմացիային տիրապետում եմ նաև ես»,-ասաց ԱԺ նախագահը:

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունից Իրավաբան․net-ին հայտնել են, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել