Մոսկվայում հանդիպել են ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը։
Իրավաբան․net-ը հայտնում է, որ ճեպազրույցի ընթացքում Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից առաջարկվող խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությանը։
«Ադրբեջանի ղեկավարության փոխարեն ես կկենտրոնանայի նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման վրա։ Այժմ խաղաղության համաձայնագրի շուրջ որևէ բանակցությունների չեն ընթանում։ Եթե երբևէ նման բանակցություններ սկսվեն, ապա դրանց մասը կդառնա նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի մասին հարցը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքների հիման վրա»,-նշել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունների տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար կոչ են անում Հայաստանին կնքել խաղաղության համաձայնագիր։
Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ հակամարտությունը կարգավորված է․ «Դա չի նշանակում սակայն, որ բոլոր հարցերը լուծվել են։ Ադրբեջանը Հայաստանին բազմիցս կոչ է արել կնքել խաղաղության համաձայնագիր։ Մենք շարունակում ենք կոչ անել կնքել դա»:
Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ցուցաբերեն քաղաքական կամք։
«Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պետք է հասկանա, որ լավ, բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա։ Սա այսօր ամենալավ տարբերակն է»,- ասել է նա։
Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանի կողմից հարաբերությունների կարգավորման առաջարկը ակտուալ է, բայց հայկական կողմը չի ընդունում այն։