Հոկտեմբերի 17-ին նախատեսվում է 9 համայնքներում անցկացնել ՏԻՄ ընտրություններ․ Սուրեն Պապիկյան

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Օգոստոսի 27-ին խորհրդակցություն անցկացրի ՀՀ մարզերին և Երևան քաղաքին առնչվող հարցերի վերաբերյալ.

Խորհրդակցությանը քննարկվել են համայնքների միավորմանը, ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Ընդգծել եմ, որ անհրաժեշտ է առավել ճկուն դարձնել համայնքային բյուջեների հաստատման մեխանիզմները՝ ելակետ ունենալով համայնքների միջև արդյունավետ համագործակցությունը:

Օրակարգում ընդգրկված էին պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող դպրոցաշինական ծրագրերի, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրում ներգրավված համայնքների համաֆինանսավորման վերաբերյալ հարցերը:

Երևանի քաղաքապետի տեղակալները ներկայացրել են գույքահարկի և հողի հարկի գծով հաշվարկված հարկային պարտավորությունների վերահաշվարկի, աղբահանության վճարի և հողի վարձակալության հաշվառումների համակարգի, ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների, թափառող կենդանիների վնասազերծման նոր մեթոդաբանությունը ՀՀ բոլոր համայնքներում պարտադիր ներդնելու և կիրառելու վերաբերյալ խնդիրներն ու առաջարկությունները:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սակավաջրության հարցին՝ կարևորելով դրա հետևանքների վերացումն ու մեղմումը, հնարավոր խնդիրների բացահայտումը և օպերատիվ արձագանքման միջոցառումների իրականացումը:

Հոկտեմբերի 17-ին նախատեսվում է 9 համայնքներում անցկացնել ՏԻՄ ընտրություններ: Այդ համատեքստում քննարկվել են ընտրությունների և համայնքների միավորման ծրագրերի հետ կապված կազմակերպչական հարցերը:

Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, ՀՀ մարզպետները, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն ու Երևանի քաղաքապետի տեղակալները: Խորհրդակցության ավարտին տրվել են համապատասխան հանձնարարականներ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել