ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել:
Ներկայումս ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ են իրականացնում ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկության վերաբերյալ:
Ճանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել են, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան:
«Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել»,-նշված է հայտարարության մեջ: