«Ես արդեն եղել եմ մի քանի տնտեսվարողների մոտ, կարող եմ ասել, որ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները եղել են այն բոլոր արտադրողների մոտ, որոնք ԱԹՍ-ներով են զբաղված: Մենք իրենց հետ շատ սերտ ենք համագործակցում»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:
Նա նշեց, որ իր տեղեկություններով Պաշտպանության նախարարությունը պատրաստ է իր սպառազինության մեջ ներգրավել տեղական արտադրության ԱԹՍ-ներ:
«Մի քանի ընկերություններ կան, որոնք գործնական փուլ են մտել: Այստեղ մի խնդիր կա, որը երկարաժամկետ պայմանավորվածությունների խնդիր է: Այդ կազմակերպությունները պետք է պայմանագրային պարտավորությունների կատարման տակ մտնեն, որպեսզի ենթադրենք առաջիկա 2-3 տարիների ընթացքում կարողանան որոշակի քանակությամբ ԱԹՍ-ներ մատակարարել: Իրենք ունեն գաղափար, գաղափարը զարգացնում են, հետագա համագործակցությունն արդեն կապված է պետության հետ, հանձինս՝ ԲՏԱ-ի և ՊՆ-ի»,-նշեց նախարարը:
Անդրադառնալով սահմնազատման հետ կապված հարցերին՝ Վահագն Խաչատուրյանը նշեց, որ գնալու են սահմանազատման, և խաղաղության օրակարգը չի նշանակում տարածքների զիջում:
«Այո մենք գնալու ենք սահմանազատման, այո մենք մեր տարածքները չենք զիջելու: Որ խնդիրները վիճելի են, դրանք պետք է լուծվեն եռակողմ բանակցությունների արդյունքում: Ոչ ոք չի խոսում ՀՀ-ի տարածքների զիջման մասին, կլինի Սև լիճ, կլինեն բարձունքներ՝ 12 ամսվա ձյունով ծածկված, թե կլինեն հարթավայրեր: Ես ձեզ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության 29.8 հազար քառակուսի կմ տարածքից ոչ մի սանտիմետր չի հանձնվելու, սա կառավարության դիրքորոշումն է, կառավարության ծրագրի մեջ գրված է »,-հավելեց նախարարը: