Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական գործը։
Քոչարյանը դատարանի նիստերի դահլիճում հայտարարեց, որ մինչ այսօր դատախազությունը իրենից ներողություն չի խնդրել՝ հակասահմանադրական հոդվածով կալանքի տակ պահելու համար։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվեց Սահմանադրության 78 (Համաչափության սկզբունք) և 79-րդ (Որոշակիության սկզբունք) հոդվածներին հակասող և անվավեր։
«ՀՀ 2-րդ և ՂԱրաբաղի 1-ին նախագահից մինչ այսօր ներողություն չի խնդրել։ Մենք բազմաթիվ բողոքներ ենք ներկայացրել Եվրոպական դատարան։ Ակնհայտ է, որ հոդվածը, որով ինձ կալանավորել էին, հակասահմանադրական է և պարզ է, թե ինչ որոշումներ են լինելու այդ հարցի վերաբերյալ։ Պատասխանատուն իրենք չեն լինելու (դատախազությունը), պատասխանատուն լինելու է Հայաստանի Հանրապեատությունը՝ բոլոր հետևանքներով։
Մենք ասում ենք՝ մեր քթի տակ կա այս օրինակը, հիմա էդ նույն «գրաբլին» (փոցխ) մեկ անգամ էլ պիտի կոխենք»,-նշեց Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը գործը կասեցնելու միջնորդություն ներկայացրեց:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց Սահմանադրական դատարանին պարզաբանել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդման կասեցման հարցը: Բանն այն է, որ օրենսդրությունը սպառիչ պատասխան չի տալիս հարցին՝ արդյո՞ք պատգամավորական անձեռնմխելիությունը կարող է «ավտոմատ կերպով» հաղթահարվել, եթե քրեական հետապնդում սկսվի մինչ պատգամավորի կարգավիճակ ստանալը, կամ գլխավոր դատախազը պարտավոր է հայցել Ազգային ժողովի համաձայնությունը:
Մինչ Խուդոյանի՝ միջնորդությունը ներկայացնելը դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ Սահմանադրական դատարանից ստացվել է հարցման պատասխանը՝ արդյո՞ք Սահմանադրական դատարանը քննում է այս հարցով «Հայաստան» դաշինքի բողոքը:
Սահմանադրական դատարանի պատասխանից հետևում է, որ կոնկրետ նման դիմում չկա, բայց կա դիմում, որում, ի թիվս այլ հարցերի, բարձրացված է 96-րդ հոդվածը: Նաև ստացել ենք «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի պատասխանը, որը հաստատում է, որ այս հարցով դաշինքը դեռ չի դիմել Սահմանադրական դատարան: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան պատգամավորների ընդհանուր թվի մեկ հինգերորդը:
Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց, որ Սահմանադրության 96-րդ հոդվածը սահմանում է պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման կարգն ու հանգամանքները: Մասնավորապես, 2-րդ մասում նշվում է, որ քրեական հետապնդումը հնարավոր է միայն Ազգային ժողովի թույլտվությամբ: Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից առանց խորհրդարանի համաձայնության, բացառությամբ 72 ժամվա կալանքի, եթե բռնվել է հանցագործության կատարման պահին: Փաստաբանը բերեց մի շարք օրինակներ ներքին և միջազգային պրակտիկայից, մի շարք իրավական դիտողություններ արեց ներկա իրավիճակի վերաբերյալ: Փաստաբանը հիշեցրեց, որ, անկախ նրանից, թե երբ է սկսվել քրեական հետապնդումը, խորհրդարանն է, որ պետք է դրա իրականացման և շարունակման թույլտվություն տա այն անձի նկատմամբ, ով գտնվում է ժողովրդի ընտրյալի կարգավիճակում:
Փաստաբանը արձանագրեց, որ դա քրեական հետապնդման անթույլատրելիություն չի ենթադրում, այլ՝ օրինականությանը համապատասխանելու անհրաժեշտություն: Տվյալ դեպքում դատարանը, օրինակ, կարող է ազատազրկման հետ կապված դատավճիռ կայացնել և այդպիսով հայտնվել փակուղում: Ուստի այս գործի շարունակությունն անհնար է առանց խորհրդարանի հավանության, ասել է փաստաբանը: Պաշտպանության կողմը դիտարկում է իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ՝ կամ քրեական հետապնդման և համապատասխանաբար գործի կասեցում մինչ պատգամավորական անձեռնմխելիության ավարտը, կամ Ազգային ժողովից թույլտվության ստացում: Նա հիշեցրեց, որ դատարանը նախկինում կասկածներ էր հայտնել անձեռնմխելիության հաղթահարման կապակցությամբ:
Եզրափակելով՝ փաստաբանը խնդրեց կասեցնել գործի քննությունը, քանի որ Արմեն Գևորգյանի անձեռնմխելիությունը հաղթահարված չէ, կամ դիմել Սահմանադրական դատարան: Երբ դատավորը հարցրեց՝ արդյոք ավելի խելամիտ չէ առանձնացնել Գևորգյանին վերաբերող հատվածը, Խուդոյանը դա թողեց դատավորի հայեցողությանը: