Բոլորս էլ հանդիսանում ենք սպառողներ և որպես սպառողներ ստիպված ենք լինում ձեռք բերել ապրանքներ և կարիք ունենք պաշտպանության: Այդ պաշտպանությունը պետք է լինի ոչ միայն արդյունավետ, այլև համակողմանի և պրակտիկ: Այս առումով հարկ է դիտարկել սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենսդրությունը, այն առումով, թե որքանով է այն պրակտիկ, որքանով է համակողմանիորեն պաշտպանում և ապահովագրում սպառողներին: Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի հիմնական իրավական ակտերը հանդիսանում են ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Քաղաքացիական օրենսգիրքը որպես իրավական ակտ անմիջականորեն ուղղված չէ սպառողների իրավունքների հետ կապված հարաբերությունների կարգավորմանը և կարգավորում է քաղաքացիաիրավական բնույթի հարաբերություններ: Սպառողները, որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակիցներ, օգտվում են այն երաշխիքներից, որոնք նախատեսված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Սակայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այդ երաշխիքները բավարար չեն սպառողների իրավունքների համակողմանի պաշտպանության համար և սպառողները կարիք են զգում լրացուցիչ երաշխիքների և լրացուցիչ իրավական պաշտպանության: Դա կարող է ապահովել միայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որը կոչված է քաղաքացիներին պաշտպանելու ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներից: Հարկ է նշել, որ սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքը, ներկայիս խմբագրությամբ, ի վիճակի չէ ապահովելու սպառողների իրավունքների համակողմանի պաշտպանությունը: Այդ մասին են վկայում նշված օրենքում պայմանագրի դրույթների անազնվության, օրինակելի պայմանագրերի արգելված դրսևորումների, պայմանագրի պայմանների միակողմանիության, արգելված առևտրային պրակտիկայի, սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միասնական լիազոր մարմի և նմանատիպ մի շարք հանգամանքների վերաբերյալ դրույթների բացակայությունը: Նշված իրավիճակի լավագույն լուծման տարբերակը իմ կարծիքով սպառողների իրավունքների պաշտպանության արտադատարանական լուծման խթանումն է, որի համար անհրաժեշտ է ստեղծել կենտրոնացված լիազոր մարմին, որը անկախ կլինի և կունենա բավականին լծակներ ազդելու տնտեսավարող սուբյեկտկների վրա: Բացի այդ անհրաժեշտ է բարեփոխել սպառողական օրենսդրությունը և այն կառուցել այնպես, որ սպառողի օրինական պահանջները չկատարելու կամ այն կատարելուց չարամտորեն խուսափելու պարագայում տնտեսվարող սուբյեկտի համար առաջանան նշանակալիորեն անցանկալի և էական ազդեցություն ունեցող բացասական հետևանքներ (սպառողի կողմից ներկայացված և բավարարված հայցապահանջի չափով պետական բյուջե տուգանք վճարելու պարտավորություն, պետական որոշակի արտոնություններից զրկում, պետական աջակցության ցանկացած ծրագրին մասնակցությունից զրկում, բարձր մաքսատուրքերով և հարկերով հարում, գործունեության կասեցում, դադարեցում, տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում և այլ տնտեսական ընկերության ստեղծելու արգելք և այլն, և հակառակը` բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն և խթանում սկզբունքով):
Այսպիսով եզրահանգումը մեկն է` սպառողների իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում բավարար կդառնա միայն այն պարագայում, երբ իրականացվի սպառողների պարբերական իրազեկում (ներառյալ կրթական և ուսումնական ծրագրերի և վերապատրաստումների միջոցով), բարձրանա քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը, դրսևորվի պետության քաղաքական կամքը` սպառողների իրավունքների պաշտպանության մասնագիտացված և կենտրոնացված մարմին ստեղծելու և սպառողական օրենսդրության բարեփոխման համար, ինչպես նաև պատշաճ և պարբերական վերահսկողություն իրականացվի սպառողական ապրանքների, ծառայությունների և աշխատանքների որակի նկատմամբ: Նշված քայլերը հետևողականորեն չիրականացվելու արդյունքում այդպես էլ ձևական բնույթ կկրի սպառողների իրավունքների պաշտպանությունը մեկ երկրում և արդյունքում մենք այդպես էլ կշարունակենք մնալ «խաբված և բախտի քմահաճույքին թողնված» սպառողներ: