Պլանավորում ենք արտաքին հետախուզական ծառայություն իրականացնել․ Նիկոլ Փաշինյան

«Պլանավորում ենք արտաքին հետախուզական ծառայություն իրականացնել: Պետական պահպանության ծառայությունը դուրս կբերվի ԱԱԾ-ի ենթակայությունից և կդառնա վարչապետին ենթակա մարմին»,-այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը ներկայացնելու ժամանակ։

Կառավարության ծրագրում նշված է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության (այսուհետև՝ ԱԱԾ) սահմանապահ զորքերը փուլային տարբերակով ՀՀ պաշտպանության նախարարությունից ընդունելու են հայ-ադրբեջանական պետական ողջ սահմանի պահպանությունը, անհրաժեշտ է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում իրականացնել բարեփոխումներ, մասնավորապես՝

  • սահմանապահ զորքերի անձնակազմի քանակի ավելացում,
  • սահմանապահ ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցում,
  • պետական սահմանի ինժեներական կահավորում,
  • սահմանապահ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածություն:

Հետախուզության, հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի և գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է Ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը: Ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացի շարունակական կատարելագործումն այդ մարմինների զարգացման և մասնագիտական կարողությունների խորացման առանցքային գործոններից է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել