Պրոֆեսիոնալ բանակը կիրառվում է, երբ տեղի է ունենում հարձակում ՀՀ-ի վրա. սահմանի պահպանությունը պետք է սահմանապահ զորքերին վերապահվի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, Զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը ներկայացնելու ժամանակ։

Զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը մեծապես հիմնվում է նաև 44-օրյա պատերազմից քաղած դասերի և նոյեմբերի 9-ից հետո ձևավորված անվտանգային միջավայրի վերլուծության վրա։ Կառավարությունը սահմանելու է այն հիմնական ուղենիշները, երկարատև պլանավորման խնդիրներն ու ռեսուրսները, որոնց վրա հիմնվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի և հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը։

Հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի Զինված ուժերը, կիրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով:

«Մենք զինվորի գործը չենք տեսնում սահմանի պահպանությունը, սահմանապահ զորքերին պիտի վերապահվի սահմանի պահպանությունը։ Իսկ զինվորը պետք է զբաղվի մարտական պատրաստականության զարգացմամբ։ Մենք նպատակադրվել ենք էական փոխել ժամկետային ծառայության ժամկետները, պահեստազորի վրա մեծ ուշադրություն պիտի դարձնենք», – Փաշինյանը՝ ընդգծելով, որ նպատադրվել են նաև բարձրացնել ոչ միայն զինծառայողների աշխատավարձերը, այլև ապահովել սոցիալական բոլոր կարգավորումները։

Ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի, ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի: Զինված ուժերում կանանց ներգրավվածությունը շարունակաբար կաճի:

«Պրոֆեսիոնալ բանակը կիրառվում է, երբ տեղի է ունենում հարձակում Հայաստանի Հանրապետության վրա, չկա հարձակումը, բանակը շարունակում է մնալ մշտական տեղակայման վայրերում, զորավարժարաններում», – ասաց Փաշինյանը։

Կառավարության ծրագրում նշվում է, որ հաշվի առնելով զինվորական ծառայության զարգացման ու կատարելագործման հեռանկարները՝ առաջիկայում Կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։ Սրանով Կառավարությունը խթանելու է զինվորական ծառայության շահադրդման թե՛ նյութական և թե՛ բարոյահոգեբանական մեխանիզմները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել