Նիկոլ Փաշինյանը հայտնեց զոհվածների, անհետ կորածների նոր թիվը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացնում է կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը։

Նա նշեց, թե ինչն է, իր պատկերացմամբ, այդ արտառոց պայմանների պատճառ դարձել և հրապարակեց նոր տվյալներ՝ վերաբերող պատերազմում զոհերին, անհայտ կորած զինծառայողներին։

«2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, պատերազմի ընթացքում մեր ունեցած 3773 զոհերը, 243 զինվորների գտնվելու վայրն անհայտ լինելու հանգամանքը, մեր գերեվարված զինվորների մի մասի՝ դեռևս վերադարձած չլինելու փաստը, հազարավոր տեղահանվածները, Արցախում և Հայաստանում ստեղծված ոչ սովորական և բարդ, սոցիալ-տնտեսական վիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ ահագնացող անվտանգային մարտահրավերները, ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈՒ-ի ապօրինի ներխուժման հետևանքով Սոթք-Խոզնավար հատվածում առկա ճգնաժամային իրավիճակը, նոյեմբերի 9-ից հետո ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության պարբերական խախտումները և դրա հետևանքով՝ նոր զոհերի առկայությունը, միջազգային լարված դրությունը, Կորոնավիրուսի շարունակվող համավարակը արտառոց են դարձնում այն միջավայրը, որում պիտի քննարկենք կառավարության ծրագիրը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջին անգամ զոհերի ու անհետ կորածների վերաբերյալ տվյալները Փաշինյանը ներկայացրել էր հունիսի 17-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում ընթացող հեռուստաբանավեճի ժամանակ։

Նա այդ ժամանակ նշել էր․ «Այս պահի դրությամբ պատերազմի ընթացքում զոհերի թիվը 3705 է, անհետ կորած կամ գտնվելու վայրը անհայտ 268 մարդ, հաստատված գերիներ, այս պահին, ունենք 60 հոգի և ունենք վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել