Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 17-ին, արտահերթ նիստ է գումարել։ Քննարկվում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը նախքան քննարկումը, վարման կարգով խոսաք ասաց՝ անդրադառնալով Հայաստանի սահմանային իրավիճակին։
«Ոգևորվելով Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, Ալիևը կոշտացրել է իր դիրքորոշումը, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի», սահմանագծման ու սահմանազատման հարցերում։ Նա խոսում է դեստրուկտիվ նախապայմանների լեզվով։ Ալիևը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ պետք է ներառվի Լեռնային Ղարաբաղը։ Նա պահանջում է նաև հայկական զորքերի զրոյացում Արցախում ու սպառնում նոր պատերազմով։
Կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայով էլ օգտագործում է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը։ Ալիևն այնքան հեռու է գնացել իր ցանկություններում, որ Մոսկվայից պահանջում է սեփական պարտության հետ համակերպված Հայաստանին զենք չմատակարարել։ Ադրբեջանի այս ագրեսիվ վարքագիծը չի բխում նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններից։ Ցավոք, պաշտոնական Երևանը դեռ չի պատասխանել Ալիևի հայտարարություններին, ինչն առնվազն տարակուսելի է։ Հուսանք, որ տվյալ դեպքում լռությունը համաձայնության նշան չէ։ Ալիևը Երևանի լուռ պահվածքը թերևս գնահատել է որպես թուլության նշան ու անցել գրոհի, ունենք զոհեր, գնդակոծվում են մեր բնակավայրերը։ Սա անթույլատրելի իրավիճակ է։ Մենք խաղաղության ենք ձգտում, բայց ոչ մեր արժանապատվության, ազատության ու անկախության գնով»,-ասաց նա։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ դիտարկումն արեց՝ նշելով, որ պետք է խոսել վարման կարգի շրջանակներում, այլ ոչ հայտարարությամբ հանդես գալ։
Մանրամասները՝ տեսանյութում