«Հայ ժողովուրդը համակերպվել է այդ իրավիճակի հետ»,-CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ միաժամանակ դժգոհություն հայտնելով Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինություն տրամադրման մեկնարկի վերաբերյալ ռուսական կողմի հայտարարությունների մասին։
Ալիևի խոսքով, պարտության հետ հաշտվել է նաև Հայաստանի ղեկավարությունը։
«Հայաստանի ղեկավարությունը նույնպես համակերպվել է պարտության հետ, և Հայաստանում անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին դա։ Չտեսնված բան է պատմության մեջ, երբ պարտություն տարած ղեկավարությունը կրկին ստանում է ժողովրդի ձայնը։ Այդ պարագայում Հայաստանին զինելը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ։ Մենք առայժմ դա չենք տսենում, չենք նկատում, դրա անհրաժեշտությունը չկա»,-ասել է Ալիևը։
Անդրադառնալով ռուսական կողմի հայտարարություններին՝ Ադրբեջանի նախագահն ասել է, որ դրանք իրենց անհանգստացնում են։
«Մեր ակնկալիքները Ռուսաստանից այն է, որ կատարվեն եռակողմ հայտարարության բոլոր դրույթները, քանի որ դրա ներքո ստորագրել են Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, և դրանց մեծ մասն արդեն կատարված է։ Ռուսաստանը որպես Ադրբեջանի հարևան ու Հայաստանի դաշնակից, այդ տարածաշրջանում հատուկ դեր ունի։ Հույս ունենք, որ Ռուսաստանը հետագայում էլ կձեռնարկի բոլոր ջանքերը այս տարածաշրջանի անվտանգության համար և քայլեր կանի երկարատև խաղաղության համար։ Միաժամանակ մեր ակնակալիքն է, որ Ռուսաստանը չզինի Հայաստանին։ Մենք այս հարցը հասցրել ենք ռուսական կողմին։ Դա մեզ անհանգստացնում է»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։