Թբիլիսիում քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի օգոստոսի 14 -ից մինչև սեպտեմբերի 4-ը. այս մասին հայտնել է Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն: Պատճառը Վրաստանում համաճարակաբանական բարդ իրավիճակն է, հիմնականում նոր շտամների (դելտա շտամ) լայն շրջանառությունը:
Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Սահմանափակումը չի տարածվում միջքաղաքային տրանսպորտի վրա:
Լիովին սահմանափակվում են փառատոնների, ժամանցային միջոցառումների, համերգների և սպորտային մրցումների անցկացումը: Սահմանափակումներով կաշխատեն նաև երեխաների ժամանցի կենտրոնները:
Սննդի կետերի աշխատանքը ժամը 00:00-ի փոխարեն թույլատրելի կլինի մինչև 23։00-ն: Պետական գերատեսչություններին հանձնարարվում է հնարավորության սահմաններում աշխատակիցներին տեղափոխել հեռավար աշխատանքի:
Առողջապահության նախարարությունը շարունակում է աշխատել լրացուցիչ մահճակալների մոբիլիզացման ուղղությամբ: Պետությունը խոստանում է ապահովել պատվաստվող քաղաքացիների տեղափոխումը կլինիկաներ:
Գոյություն ունեցող կանոնակարգերի կիրառման նկատմամբ վերահսկողությունը հնարավորինս կխստացվի` ներառյալ սոցիալական միջոցառումների` հարսանիքների, ծնունդ-կնունքների, հոգեհացերի անցկացումը. նման միջոցառումներ կազմակերպելու համար օբյեկտները կտուգանվեն 10 հազար լարիով, իսկ կրկնակի խախտումների դեպքում ` օբյեկտի գործունեությունը կդադարեցվի:
Խորհուրդ է տրվում, որ սեպտեմբերից ռեստորաններ, սպա-սրահներ, ֆիթնես կենտրոններ և նմանատիպ հաստատություններ այցելող անձինք պատվաստված լինեն գոնե մեկ դոզայով, կամ 72 ժամվա ընթացքում արված թեստի բացասական պատասխան ունենան:
Լրացուցիչ կարգավորումների մասին խորհուրդը կտեղեկացնի առաջիկայում: