ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները մեկուսացրել են Սյունիքի մարզի Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում բռնկված հրդեհը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Օգոստոսի 9-ին, ժամը 13։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկին հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աժդանակ» ՍՊԸ-ի մեկ ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։23-ին։ Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ԱԻՆ-ը նաև հիշեցնում է, որ օգոստոսի 8-ին նույն տարածքում ևս հրդեհ է բռնկվել, որը նույնպես մարվել է: Այրվել է 6 հա բուսածածկույթ, որից 4 հա տարածքը հայկական կողմում։