Iravaban.net-ը զրուցել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում ծրագրի ղեկավար, «Ոչ կոռուպցիային» ֆլեշ-մոբի մտահաղացման հեղինակ Կարեն Զադոյանի հետ:
-Այսօր ՇՊԱԿ-ների ազգային ցանցը Հայաստանի ողջ տարածքում «Ոչ կոռուպցիային» խորագրով ֆլեշ-մոբ անցկացրեց: Ո˚րն է այս միջոցառման խորհուրդը:
-ՇՊԱԿ-ների ազգային ցանցի և «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման կողմից այսօր Հայաստանի ողջ տարածքում «Ո´չ կոռուպցիային» խորագրով կազմակերպված ֆլեշ-մոբի խորհուրդն է պետական մարմինների և հասարակության ուշադրությունը հրավիրել «կոռուպցիա» բացասական երևույթի վրա:
-Կպատմե˚ք ֆլեշ-մոբի անցկացման ձևաչափի մասին:
-ՇՊԱԿ-ների ազգային ցանցի կազմում ընդգրկված են 13 գրասենյակներ, որոնք գործում են Հայաստանի բոլոր մարզերում, յուրաքանչյուր մարզում մեկ կենտրոն, իսկ Արագածոտնի մարզի Թալին և Ապարան քաղաքներում նաև հենակետային ընդունարաններ: Ֆլեշ- մոբի շրջանակներում յուրաքանչյուր Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնի և ընդունարանի կողմից կազմվել է «Ո´չ կոռուպցիային» բառակապակցությունից մեկ տառ, որից հետո մասնակիցները բարձրաձայն արտասանել են իրենց կազմած տառը, այնուհետև բարձրաձայն արտասանել են «Ո´չ կոռուպցիային» բառակապակցությունը:
Ընդհանուր առմամբ Ֆլեշ-մոբին մասնակցել են ավելի քան 300 հոգի: Միջոցառումը իր կազմակերպան ձևի մեջ եզակի էր և շատ հաջողված:
Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում ՇՊԱԿ-ների ազգային ցանցի աշխատակազմի անդամներին և կամավորներին՝ իրենց կատարած հաջողված և օգտակար աշխատանքի համար:
-Ի˚նչ պետք է արվի, որպեսզի հաղթահարվի կոռուպցիան մեր երկրում:
-Առաջին հերթին անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական կամք, և երկրորդ՝ հասարակության բարձր իրավագիտակցություն և անհանդուրժողականություն «կոռուպցիա» չարիքի նկատմամբ:
-Որո˚նք են այս առումով նորաստեղծ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման առաքելությունը և խնդիրները:
-«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման առաքելությունն է ստեղծել կոռուպցիայից զերծ Հայաստան: Շարժման խնդիրներն են` նպաստել հակակոռուպցիոն օրենքների ընդունմանը և կյանքի կոչմանը, հասարակության մեջ կոռուպցիայի՝ որպես հասարակության սպառնալիքի ընկալման ձևավորումը և արմատավարումը, կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականության ընկալման ձևավորումը, քամահրանքի և ատելության միջավայրի ստեղծումը, հասարակության շրջանում ազնիվ կառավարման պահանջարկի ձևավարումը:
-Կխոսե˚ք «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման առաջիկա անելիքների մասին:
-Ինչպես գիտեք` ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2007թ.-ի ապրիլի 7-ից, և կոնվենցիայից բխող մի շարք հակակոռուպցիոն մեխանիզմներ արդեն իսկ ներդրվել են ՀՀ օրենսդրությունում: Սակայն այսօրվա հրամայականն է նաև ընդունել օրենք տեղեկատվություն հայտնող անձանց պաշտպանության մասին, որը գործուն մեխանիզմներ կստեղծի բոլոր այն անձանց համար, ովքեր անարդարացի վերաբերմունքից պաշտպանության կարիք կունենան: Նրանց համար, ովքեր բարեխղճորեն և խելամիտ հիմքերով իրավասու մարմիններին հայտնում են կոռուպցիոն բնույթի իրավախախատումներ մասին: Այս օրենքի ընդունումը նույնպես բխում է վերոհիշյալ կոնվենցիայի 33-րդ հոդվածից:
Շատ կարևոր խնդիր է նաև ապօրինի հարստացման արարքի քրեականացումը, երբ դա կատարվում է դիտավորությամբ, այսինքն՝ պաշտոնատար անձի ունեցվածքի նշանակալի ավելացումը, որը գերազանցում է նրա օրինական եկամուտները, և որը նա չի կարող խելամտորեն հիմնավորել: Սա բխում է նույն կոնվենցիայի 20-րդ հոդվածից: Սակայն այն կատարելու համար, սկզբում անհրաժեշտ է վերացնել այդ հոդվածի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից արված վերապահումը: Այս առումով, առաջիկայում շարժումը կարևորագույն անելիքներ ունի:
Շարժման կարևոր անելիքներից է հասարակության լայն շերտերին մասնակից դարձնել հակակոռուպցիոն պայքարին, քանի որ միայն հասարակության համախմբվածության, բարձր իրավագիտակցության վրա ձևավորված պահանջարկի և պետական իրավասու մարմինների հետ ներդաշնակ համագործակցության դեպքում է հնարավոր հասնել ցանկալի արդյունքների:
Նունե Հովսեփյան