Բարևելու կարգը: Կինն իր ամուսնուն ամենավերջո՞ւմ է բարևում

Ողջույնը բարեկամության և հարգանքի արտահայտություն է: Բարևով էլ սկսվում է օրը, խոսակցությունը, անկախ նրանից` որտեղ ես՝ աշխատավայրում, տանը, ընկերական շրջապատում, թե սոցիալական ցանցերում:

Գոյություն ունեն ողջունելու բազմաթիվ ձևեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ծագումը և ելնում է ազգային որոշակի առանձնահատկություններից:

Օրինակ` Հնդկաստանում ընդունված է ողջույնի հետևյալ ձևը` երկու ձեռքի ափերը միացնում են իրար և մոտեցնում կրծքին, իսկ եվրոպական երկրներում ողջունելու ամենատարածված ձևը ձեռքսեղմումն է: Քաղաքակիրթ եվրոպական երկրներում, այդ թվում նաև մեզ մոտ` Հայաստանում, առաջնորդվում են ողջույնի հետևյալ կանոններով:

Նախ. բարևելիս պետք է նայել մարդու աչքերին: Հարկ է ուշադրություն դարձնել դեմքի արտահայտությանը. այն պետք է լինի սիրալիր և բարեկամական: Տղամարդը բարևում է թեթևակի թեքվելով, իսկ կինը` գլխի սահուն շարժումով: Երիտասարդները տարեցներին կամ հարգարժան մարդկանց բարևում են ավելի խորը գլուխ տալով:

Ողջունում են համապատասխան խոսքերով ու արտահայտություններով, այսպես` «Բարև Ձեզ», «Բարի օր», «Բարի երեկո», «Ողջույն» և այլն:

Բարևելիս կարելի է շեշտել նաև անունն ու ազգանունը: Օրինակ`«Բարև Ձեզ, պարոն Հակոբյան», կամ օրինակ` «Ողջույն, Էդգար»:

Անքաղաքավարի է բարձր ձայնով և անզուսպ ձևով ողջունելը: Անգամ ամենամտերիմ մարդուն չի կարելի գլխարկը կամ ձեռքը թափահարելով բարևել` մայթից մայթ գոչելով. «Ողջույն ծերուկ, 100 տարի է քեզ չէի տեսել»: Բարևելիս անհարգի է նաև զանազան ժարգոնային կամ օտար բառերի գործածումը:

Դիմացից եկող մարդուն, սովորաբար բարևում են մի քանի քայլ հեռավորությունից, մինչև հավասարվելը:

Իսկ ո՞վ է առաջինը բարևում:
Ընդունված կանոն է, որ առաջինը բարևում է. տղամարդը կնոջը, կրտսերը` ավագին, ենթական` ղեկավարին, երեխան` մեծահասակին: Ներս մտնողն ինքն է բարևում ներկաներին, իսկ գնացողը ինքն է առաջինը հրաժեշտ տալիս:
Սենյակ մտնող կինն իր ամուսնուն բարևում է ամենավերջում, իսկ տղամարդն իր կնոջը բարևում է բոլոր ներկա կանանցից հետո և բոլոր տղամարդկանցից առաջ:

Հյուրընկալվելիս առաջինը բարևում են տանտիրուհուն, ապա` տանտիրոջը, հետո` մնացած կանանց, վերջում` տղամարդկանց:

Հյուրերին կարելի է բարևել նույն կարգով, ինչպես նստած են, առանց հաշվի առնելու սեռն ու տարիքը:

Փողոցում կամ ճեմասրահում ծանոթի ետևից գնացողն ինքն է առաջինը բարևում այն պահին, երբ հավասարվում են: Այսպես է վարվում նաև կինը:

Անկախ սեռից և տարիքից, կանգնածի կողքով անցնողը բարևում է առաջինը: Այս կանոնը տարածվում է նաև հասարակական բարձր դիրք ունեցող մարդկանց վրա: Մենակ տղամարդը առաջինը պետք է բարևի այն տղամարդուն, որը տիկնոջ հետ է: Կինը առաջինը պետք է բարևի տարիքով իրենից մեծ կնոջը, ինչպես նաև առանց ուղեկցության քայլող կնոջը, եթե ինքը տղամարդու հետ է: Միևնույն հասարակական դիրքն ունեցող մարդկանցից առաջինը ողջունողը համարվում է ավելի քաղաքավարի և բարեհոգի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել