Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փախստականների և տեղահանված անձանց իրավունքների պատշաճ պաշտպանության ապահովման համար միջազգային իրավակարգավորումներով սահմանված են պետության և միջազգային կազմակերպությունների պարտավորությունները: Ընդորում, եթե պետությունն ունի սահմանափակ ռեսուրսներ և կարողություններ, ապա միջազգային հանրությունը պետք է գործուն աջակցություն ցուցաբերի այդ անձանց իրավունքների իրացման հարցում:
Ցավոք, ինչպես 1990-ականների պատերազմի հետևանքով, այնպես էլ այս անգամ փախստականների և տեղահանվածների խնդիրներին լուծումներ տալու ամբողջական բեռն ընկել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության վրա: Ցուցաբերվող միջազգային աջակցությունը խիստ անհամարժեք է ստեղծված իրավիճակին և առկա խնդիրներին:
Սրա հիմնական պատճառներից է այն, որ միջազգային կազմակերպությունները, որոնք առաջնային մանդատ ունեն հենց փախստականների և տեղահանված անձանց հարցերով, չեն կարողանում մուտք գործել Արցախ` առաջին հերթին հենց տեղում իրավիճակին ծանոթանալու և կարիքների գնահատում իրականացնելու համար:
Ինձ մոտ առկա է համոզմունք, որ համապատասխան կազմակերպությունները իրենք ևս գիտակցում են իրենց պատասխանատվությունն ու Արցախում գործունեություն ծավալելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, սակայն տրվում են ադրբեջանական սադրանքներին և մարդու իրավունքների պաշտպանությունը ստվերում են քաղաքական հարցերով: Մենք շարունակելու ենք մեր պայքարը այս հարցում` հավատարիմ մնալով մարդու իրավունքների համընդհանրության և առաջնահերթության սկզբունքներին»։