ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուսական սահմանային կետեր տեղադրելու գաղափարը։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Կրեմլը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ՝ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուսական սահմանային կետերի տեղակայման գաղափարը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Երևանի հետ շփումները շարունակվում են, ես ավելացնելու ավելին չունեմ», – ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը դիտարկում Փաշինյանի նախաձեռնությունը:
Մամուլի քարտուղարը նշել է, որ Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար, աշխատանքները շարունակվում են:
«Երեկ հայ-ադրբեջանական սահմանին սրացում էր։ Գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու ուղղությամբ: Աշխատանքները շարունակվում են, Ռուսաստանը շարունակում է իր շփումները Երևանի և Բաքվի հետ, որպեսզի ամբողջ ծավալով ապահովվի երկկողմ պայմանավորվածությունների իրագործումը»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ժամը 08։20-ին ՊՆ-ն հայտնել է, որ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։
07։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։
08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։
09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:
11։40-ի դրությամբ ՊՆ-ն հայտնեց, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։
Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, ՊՆ-ի հաղորդմամբ, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է:
Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է, կրակոցներ չկան:
Ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը
լռեցվել է։
Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։
Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։
ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։