Այսօր վերաբացեցինք Միքայելյան համալսարանական հիվանդանոցում հունիսի 15-ից փակված շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածության թվերի աճը, վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնված աշխատանքները, Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կրկին կիրականացվի Covid հիվանդների բուժսպասարկում՝ շուրջ 140 մահճակալից բաղկացած առանձնացված մասնաշենքում`առանձին մուտքով:
Մասնաշենքն իր գործունեություն է ծավալում ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։ Համալսարանական լավագույն մասնագետները ապահովում են բուժօգնության բարձր որակն ու հասանելիությունը։
Եվս մեկ անգամ խնդրում ենք պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և հրատապ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ․․․
Հիշեք, միայն միասին կարող ենք կոտրել Covid 19-ի տարածման շղթան:
Խնդրում եմ, օգնեք օր ու գիշեր աշխատող մեր բուժաշխատողներին, որպեսզի չունենանք վտանգավոր ու ծանր հետևանքներ»,- գրել է նա: