Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջև հուլիսի 22-ին կնքվել է Փոխըմբռնման հուշագիր:
Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարությունից:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի ռեկտոր Բերտրան Վենարը։
Հուշագրի նպատակն է ապահովել Համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների գործնական կիրառումը և մասնագիտական փորձի միջոցով կիրառական հմտությունների ձեռքբերումը։
Նախարարի պաշտոնակատարն ու ռեկտորը կարևորել են համագործակցության ամրապնդմանն ուղղված այս նախաձեռնությունն ու վստահություն հայտնել, որ Ֆրանսիական համալսարանն իր մարդկային որակյալ ռեսուրսով կդառնա Արդարադատության նախարարության բարեփոխումների մի մասնիկը։
Միջոցառման ավարտին ռեկտոր Վենարը հանդիպել է նաև Արդարադատության նախարարությունում ներկայում աշխատող Ֆրանսիական համալսարանի շրջանավարտներին։
Նշենք, որ Հուշագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել Նախարարության ներկայացուցիչների հանդիպումներ Համալսարանի ուսանողների և դասախոսների հետ, դասախոսություններ՝ Նախարարության գործունեության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ, կազմակերպել Նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղաններ, գիտաժողովներ, թեմատիկ սեմինարներ, դատախաղեր և գիտագործնական միջոցառումներ, կազմակերպել Նախարարության ստորաբաժանումներ ուսանողների այցելություններ, նրանց ընդգրկել Նախարարության տարբեր միջոցառումներում, ծրագրերում, Համալսարանի ծրագրերի շրջանակներում անվճար հիմունքներով ընդգրկել Նախարարության գիտնական-մասնագետների՝ որպես դասախոսներ, ինչպես նաև օգտագործել Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական ռեսուրսները նախարարության կողմից իրականացվող միջոցառումներում, ապահովել Համալսարանի ուսանողների արտադրական-ուսումնական պրակտիկայի կազմակերպումը Նախարարության ստորաբաժանումներում և այլն։