Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանը կալանավորելու որոշում է կայացրել։
Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։
Նա ասաց, որ միջնորդություն էր ներկայացվել Կարեն Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ և այսօր դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունը։
Ինչպես արդեն հայտնել էինք, Գորիսում Սյունիքի ներկա և նախկին մարզպետների որդիների մասնակցությամբ տեղի ունեցած հրաձգության գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով։
Հիշեցնենք, որ Գորիսում Սյունիքի ներկա ու նախկին մարզպետների մտերիմների մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: