ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության է արժանացել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում» փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշման նախագիծը։
Ըստ այդմ՝ նախկինում ուսուցչի, ուսումնական հաստատության և վերապատրաստող կազմակերպության միջև կնքվող եռակողմ պայմանագիրը փոխարինվել է երկկողմ պայմանագրի ձևաչափով՝ այն թողնելով ուսումնական հաստատության և վերապատրաստող կազմակերպության միջև: Այս փոփոխությունը բխում է գործընթացի ֆինանսավորման մեխանիզմի ձևաչափից, ինչպես նաև պայմանագրի կնքման ընթացքն ավելի դյուրին դարձնելու և փաստաթղթային լրացուցիչ աշխատանքից ուսումնական հաստատություններին ազատելու նկատառումներից:
Եռակողմ պայմանագիր կնքելու դեպքում ուսումնական հաստատության ուսուցիչների՝ օրենքով սահմանված 20 տոկոսի վերապատրաստման ընթացակարգը կազմակերպելիս հաստատությունը վերապատրաստող կազմակերպության հետ ուսուցիչների թվով պայմանագրեր է կնքում, որն ավելորդ և ժամանակատար աշխատանք է: Բացի դրանից՝ ուսուցչին եռակողմ պայմանագրում ներառելը որևէ նպատակ չի հետապնդում, ուստի պայմանագրից ուսուցչին դուրս թողնելը որևէ հետևանք չի կարող ունենալ:
Ավելին՝ ատեստավորման համար նախատեսված ֆինանսավորումը տրվելու է մարզպետարաններին, որոնք էլ իրականացնելու են բաշխումն ուսումնական հաստատություններին, և ուսուցիչը որևէ առնչություն չի ունենալու այդ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, հետևաբար եռակողմ պայմանագրի կնքումը դառնում է ինքնանպատակ:
Այսպիսով՝ որոշման ընդունման արդյունքում վերապատրաստող կազմակերպության և ուսումնական հաստատության միջև երկկողմ պայմանագիր կնքելը և այդ գործընթացում երրորդ կողմին՝ ուսուցչին, չներառելը հնարավորություն կընձեռի վերապատրաստման նախապատրաստական աշխատանքներն ավելի արագ, արդյունավետ և դյուրին իրականացնել, քանի որ ուսումնական հաստատության ուսուցիչները կարող են ընտրել տարբեր կազմակերպություններ, որոնց հետ առանձին պետք է կնքվեն պայմանագրեր: Արդյունքում՝ ուսուցչին որպես կնքվող պայմանագրի կողմ չներառելը նրան կազատի լրացուցիչ աշխատանքից, ինչպես նաև հնարավոր կլինի առանց ավելորդ գործողությունների կիրառել ֆինանսավորման մեխանիզմը՝ մարզպետարանների միջոցով այն տրամադրելով ուսումնական հաստատություններին:
Միայն ուսումնական հաստատության և վերապատրաստող կազմակերպության միջև կնքվող պայմանագիրը բավարար հիմք է գործընթացն իրականացնելու համար: