Հայաստանցիների օրական պատվաստումների առնվազն 5000 տեմպը պետք է պահենք․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի սկսվելուց առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրադրությանը։

Նա նշեց, որ արդեն երկու օր է ինչ Հայաստանում գրանցվում է օրական 200-ից ավել ցուցանիշ:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշեց, որ վերջին օրերի ընթացքում որոշակի աճի տենդենց գրանցվում է․ «Սակայն եթե անցած շաբաթ գրանցում էինք մինչև 200, մաքսիմում կազմում էր օրական 200 դեպք, ապա այս շաբաթ արդեն 200-ը հատել ենք, և երեկ հայտարարել ենք 220 նոր դեպքի մասին, այսօր արդեն 225 դեպք է գրանցվել:

Մեր կանխատեսումներով՝ մոտակա օրերի ընթացքում աճի տենդենցը շարունակվելու է: Կցանկանայի ներկայացնել նաև մի քանի թիվ, թե քանի մարդ է բուժում ստանում: 3790 մարդ բուժում է ստանում, որից 606-ը՝ հիվանդանոցային:Նրանցից 282-ը գտնվում են ծանր վիճակում, իսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 48 մարդ: Պարոն վարչապետ, ուղղակի թվերն եմ նշում, որպեսզի ևս մեկ անգամ զգոնության կոչ անեմ մեր բնակչությանը, որ կորոնավիրուսային հիվանդության համաճարակը դեռ շարունակվում է: Երեկ մահվան դեպքերը եղել են 2-ը:

Կցանկանայի նշել նաև, որ մեր տարածաշրջանում գտնվող երկրներում կորոնավիրուսային հիվանդության հետ կապված համաճարակը լարված վիճակում է գտնվում: Եվրոպական որոշ երկրներում նույնպես շարունակվում է աճ գրանցվել: Սակայն այն երկրներում, որտեղ պատվաստված քաղաքացիների մասնաբաժինը բավականին մեծ տոկոսի է հասնում, այդտեղ հիմնականում հոսպիտալացումները և մահերը, որոնք ավելի քիչ թվով են, գրանցվում են այն մարդկանց մոտ, ովքեր պատվաստված չեն: Քանի որ այսօր Հայաստանի կառավարությունը 18 տարեկանից բարձր բոլոր անձանց համար պատվաստանյութն անվճար հասանելի է դարձրել՝ կոչ եմ անում մեր քաղաքացիներին օգտվել այդ հնարավորությունից և օգտագործել այս պատուհանը մինչև այլ ալիքի ուժգնացումը, որը մենք արդեն տեսնում ենք»,-նշեց նա։

Փաշինյանը նշեց, որ երեկ Առողջապահության միջազգային կազմակերպության ղեկավարին էր լսում և, ըստ էության, պարզ է, որ կորոնավիրուսը դեռ շատ երկար մեզ ուղեկցելու է, որովհետև եթե մի ալիքն անցնում է, մուտացիաներ են տեղի ունենում և այսպես շարունակ։

«Այսինքն՝ սպասել, որ մի օր ուղղակի կորոնավիրուսը վերանալու է, իրատեսական չէ: Բայց կա նաև լավ նորություն. համենայնդեպս, մինչ այս պահը եղած տվյալներով՝ եղած պատվաստանյութներն էֆեկտիվ են բոլոր շտամների համար, ինչը նշանակում է, որ զգոնության վերաբերյալ Ձեր կոչը եթե թարգմանենք, ի՞նչ է նշանակում. 2 բան, որ պետք է շատ ինտենսիվ շարունակենք պատվաստման աշխատանքները և երկրորդը՝ փակ տարածքներում դիմակների կրման պրակտիկան պետք է, այնուամենայնիվ, հնարավորինս լավ մակարդակի վրա պահենք։

Հետևաբար՝ սա պետք է լինի մեր ուղղությունը։ Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 2020թ. մայիսից մենք որդեգրել ենք հետևյալ քաղաքականությունը, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ։ Մենք ունենք այդպիսի որոշում, և հույս ունեմ՝ պրակտիկայում այդ որոշումը կկարողանանք իրագործել, որ լոքդաուների չենք գնալու ընդհանրապես, բայց սա պետք է անենք համատեղ ուժերով։

Օրական պատվաստումների մեր դինամիկան ինչքա՞ն է այժմ»,-հարցրեց Փաշինյանը: Նանուշյանը պատասխանեց, որ օրական 5000-ը հատել են։

Փաշինյանը նշեց, որ պետք է ամենօրյա վիճակագրության մեջ առանձնացնել հայաստանցիների և օտարերկրացիների թիվը․ «Պայմանավորվել ենք, որ հայաստանցիների օրական պատվաստումների առնվազն 5000 տեմպը պետք է պահենք։

Եվ կրկին ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել, որ յուրաքանչյուրս անելիք ունենք։ Պետական գերատեսչությունների աշխատողների շրջանում պետք է ակտիվ այդ պրոցեսն առաջ տանենք, մեր միջավայրում, շրջապատում, մեր հրապարակային ելույթներում պետք է անընդհատ այս թեման շատ կարևորենք։ Որովհետև, իսկապես, կորոնավիրուսն անընդհատ նոր ալիքներ և նոր շտամներ է ունենալու, և դրանից պաշտպանվելու միջոցը երկուսն է՝ դիմակ և պատվաստում։ Հետևաբար՝ մենք պետք է նաև ջանք գործադրենք, որպեսզի փակ տարածքներում դիմակի կրման կանոնները մաքսիմալ լավ պահպանվեն: Մմեր կոչն է մեր հայրենակիցներին՝ անպայման այդ կանոնը հնարավորինս պահել, որպեսզի այս ոլորտում նույնպես ստիպված չլինենք գնալ վարչական ներգործության միջոցների։ Բայց, եթե վիճակագրությունն ստիպի դա անել, խոսքը դիմակների կրման կանոնները խստացնելու մասին է, մենք ստիպված կլինենք գնալ այդ ուղղությամբ։

Բայց կրկին եմ ասում՝ամենաարդյունավետ ճանապարհը պատվաստումն է։ Մենք այս պահին ունենք պատվաստանյութի բավականին լավ պաշար և շարունակում ենք բանակցությունները՝ մեզ անհրաժեշտ թիրախներին հասնելու համար։ Այնպես որ այս ուղղությամբ պետք է բոլոր գերատեսչություններն աջակցեն Առողջապահության նախարարությանը, որպեսզի պատվաստումները տեղի ունենան անհրաժեշտ տեմպերով և քանակներով։ Ունե՞ք ավելացնելու բան: Շնորհակալ եմ»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել