Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը։
Փաշինյանի խոսքով՝ ևս մեկ անգամ արձանագրվեց, որ արտահերթ ընտրությունները ՀՀ-ում անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան և արտահայտում են ժողովրդի կամքը։
«Բոլորիս շնորհավորում են ճգնաժամային պայմաններում ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ։ Շնորհավորում եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին անցնելու առիթով։ ՀՀ-ում առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց, մինչդեռ նախկինում մենք սովոր ենք եղել ընտրությունների արդյունքներով ներքաղաքական ճգնաժամեր ունենալու պրակտիկային»,-նշեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ըստ Սահմանադրական դատարանի՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից քարոզչությունն ուղղված է ընտրողների վստահությունը ձեռք բերելուն, ամրապնդելուն:
«Ուզում եմ ասել հետևյալը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Ազգային ժողովում ու Ազգային ժողովից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի հիման վրա հիմնված աշխատանքի՝ հանուն մեր երկրի անվտանգության ու բարեկեցության», -ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ իրենք վճռական են ժողովրդի առաջ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու գործում:
«Մենք պատրաստ են համագործակցության ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի, ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։