Իշխանությունների հետ համագործակցելու պատրաստ չենք․ Արթուր Վանեցյան

«Մենք լինելու ենք ընդդիմություն, լինելու ենք կոշտ ընդդիմություն, քննադատելու ենք իշխանություններին, շարունակելու ենք մեր պայքարը, իսկ մեր պայքարը հետևյալն է՝ հեռացնել այս իշխանություններին իրենց կառավարությունից»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը։

«Բայց եթե իշխանությունները մի օր բերեն լավ օրինագիծ, իհարկե, մենք կողմ ենք քվեարկելու: Ընտրություններից հետո իմ տված ասուլիսի ժամանակ ես հայտարարել եմ, որ մեր վերաբերմունքը իշխանություններին լինելու է հայելային։ Եթե նրանք կկարողանան իրենց մեջ ուժ գտնել և աշխատել նորմալ պայմաններում, ուրեմն կստանան նույն պատասխանը: Բառամթերքը պետք է փոխվի, սպառնալիքների լեզուն պետք է փոխվի, պետք է լինի նորմալ քաղաքական բանավեճ, քաղաքական օրակարգ»,- ասել է նա:

Լրագրողի հարցին, թե՝ դուք պատրա՞ստ եք համագործակցել իշխանության հետ, Վանեցյանը պատասխանել է. «Ո՛չ, իշխանությունների հետ համագործակցելու պատրաստ չենք: Մենք հստակ լինելու ենք ընդդիմադիր ուժ, որն իրականացնելու է իր աշխատանքները: Եթե հարցը կվերաբերի ՀՀ-ի պետական շահի առաջ մղմանը, այո՛, պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, ոչ միայն՝ իշխանությունների, այլ, առհասարակ, քաղաքական բոլոր ուժերի հետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել