ՍԴ որոշման մեջ չկան պատասխաններ մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք մենք բարձրացրել ենք նիստի ժամանակ. Ռոբերտ Քոչարյան

«Ուշադրությամբ հետևում էի ՍԴ-ի նիստին, մտքեր էի փոխանակում տարբեր մարդկանց հետ, փորձում էի հասկանալ,  թե ինչ տպավորություն են թողնում այդ քննարկումները մարդկանց վրա»,- այս մասին մի քանի հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ռոբերտ Քոչարյանը։

«Միանշանակ կարող եմ ասել, որ տպավորիչ էր փաստարկների տեսանկյունից և՛ «Հայաստան» դաշինքի ներկայացուցչի փաստարկները, և՛ մյուս դիմորդների։ Եվ ամենից հետաքրքիրը, որ նիստի ժամանակ որևէ հայափաստարկ, որևէ հիմնավորում մենք չլսեցինք, ուղղակի չկար։

Եվ, ցավոք, ՍԴ որոշման մեջ ևս չկան պատասխաններ մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք մենք բարձրացրել ենք նիստի ժամանակ։ Էլ չեմ ասում, ՔՊ-ի ներկայացուցիչներն ուղղակի բան չունեին ասելու, իսկ դատախազությունը հանդես էր գալիս որպես կառավարության փաստաբան՝ մուրճը սիմվոլ է, չկա ատելության խոսք, չկար ֆիզիկական հաշվեհարդարի հայտարարություններ։ Զավեշտալի է, բայց այդպես է»,- ասել է նա։

Նա նշել է, որ ՀՀ-ում չի հիշում որևէ ընտուրություն, որտեղ այնքան ծավալի վարչական ռեսուրս է կիրառվել, որքան այս ընտրություններում։

«Ես չեմ հիշում որևէ ընտրություններ, որտեղ երկրի առաջին դեմքը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներով հանդես գա իր ընդդիմախոսների նկատմամբ։ Չեմ հիշում ոչ Տեր-Պետրոսյանի կողմից, ես երբեք այդպիսի հայտարարություններ չեմ արել և չեմ հիշում դա երրորդ նախագահի կողմից։ Եվ երբ սա դատախազության կողմից համարվում է նորմալ, երբ ՍԴ-ն խստորեն չի անդրադառնում այդ երևույթներին, նշանակում է մեկ բան՝ սա դառնալու է մեր քաղաքական մշակույթի անբաժանելի մաս, այդպես է լինելու։

Եվ պատասխանատվությունը դրա համար և՛ Սահմանադրական դատարանի վրա է, և՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա է, և՛ Դատախազության վրա է։ ԿԸՀ-ն այնպիսի հեշտությամբ էր տալիս համաձայնությունները կալանավորմանը, որ ուղղակի ապշեցուցիչ էր այս ամենը։ Եվ այս ամենը համադրելով խոսալ, որ այս իշխանությունը լեգիտիմ է, ուղղակի ավելորդ է։ Այս իշխանությունը լեգիտիմություն ձեռք չի բերել այս ընտրությունների արդյունքում»,- ասել է Քոչարյանը։

Նշենք, որ նույն հարցազրույցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ասել էր․

«Այն, ինչ կատարվում է այսօր սահմաններում, մի մեծ պատկերի մի փոքր հատված է։ Երասխի դեպքերից հետո մենք ոնց որ մոռացել ենք, որ կա Սև լիճ և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ։ Սա տրամաբանական շարունակությունն է այն ամեն ինչի, ինչ կատարվում է Հայաստանի հետ և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան ժամանակահատվածում։

Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլևս չունենք, արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն չունենք և ցանկություն չունի երկիրը, և Ադրբեջանն իր օրակարգն առաջ է տանելու՝ նման կարգի դրսևորումներով։ Ուղղակի չեմ զարմանում։ Կզարմանայի, եթե այդ ամենը չլիներ։

Ադրբեջանի նպատակն ի սկզբանե եղել է Ղարաբաղի ամբողջությամբ զավթումը։ Ռուսական կողմի միջամտության պատճառով այդ ծրագիրը մնաց կիսատ։ Հիմա փորձելու են տարբեր ճնշումներով հասնել իրենց նպատակին։ Նույնիսկ ես կառաջարկեի մեկ այլ անկյան տակ այս ամեն ինչը դիտել։ Ակնհայտ է, որ մեր ժողովրդի մի զանգված սարսափած է նոր պատերազմի վտանգով։

Եվ կարծում եմ՝ այս հանգամանքը էական նշանակություն ունեցավ նաև ընտրությունների արդյունքների վրա։ Ոնց որ մենք ընդունել ենք մեր պարտությունը և չենք ակնկալում և չենք ուզում որևէ քայլ անի այս իշխանությունը, հանկարծ նոր կոնֆլիկտ չհրահրվի։ Պարտվողական հոգեբանություն է այսօր տիրում, ցավոք, մեր ժողովրդի մի մասի մոտ։ Եվ կարող է լինել ուղղակի հետևյալը՝ նման կարգի պրովակացիաներից հետո ստեղծվում է մի վիճակ, որ ևս նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը շատ մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը։

Այսինքն՝ հասունացնել մի վիճակ, երբ նման փաստաթղթի ստորագրումը ընդունվելու է որպես ոչ թե դավաճանություն, այլ որպես փրկություն։ Մենք արդեն մեկ անգամ տեսել ենք, երբ հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահի առաջարկը մերժվեց, և հիշում եք, թե ինչպիսին էր բացատրությունը վարչապետի կողմից, որ ինձ կհամարեին դավաճան։ Քիչ ժամանակ անց՝ նոյեմբերի 9-ին այդ դավաճանը փոխվեց փրկիչով։

Ստորագրելով այդ կապիտուլյացիայի հայտարարությունը՝ ներկայացվեց որպես փրկություն։ Ուրեմն պետք էր հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ, Շուշիի, Հադրութի կորուստ և դու հնարավոր դավաճանից դարձվում ես շատ կոնկրետ փրկիչ։ Սա պլանավորված պարտության տեխնոլոգիա է։ Իմ տպավարությունն է, որ այսօր, հիմա նման մի պրոցեսի մեջ ենք»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել