ՊՆ-ն պետք է ամբողջական տեղեկատվություն ներկայացնի` միջադեպերի, հրադադարի ռեժիմի խախտումների, թշնամու տեղաշարժերի կամ կուտակումների վերաբերյալ. Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է։

«Պաշտպանության նախարարությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ներկայացնի Հայաստանի սահմանի տարբեր ուղղություններում վերջին օրերին գրանցվող միջադեպերի, հրադադարի ռեժիմի խախտումների, թշնամու տեղաշարժերի կամ կուտակումների վերաբերյալ:

Երասխի ուղղությամբ ծավալվող իրադարձությունները խորքային առումով փոխկապակցված են սահմանի մյուս ուղղություններում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև՝ արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի իրադրության հետ:

Հատկապես ճգնաժամային իրավիճակներում, հանրության հետ արդյունավետ հաղորդակցության ապահովումն անհրաժեշություն է՝ օբյեկտիվ իրավիճակի, համապարփակ տեղեկատվության փոխանցման առումով:

Այս պահին սահմանի այլ հատվածներում տեղի ունեցող իրավիճակների կամ միջադեպերի վերաբերյալ տեղեկատվություն ստացվում է տարբեր լրատվամիջոցների նախաձեռնությունների կամ սոցիալական ցանցի տարբեր օգտատերերի միջոցով:

Երկրորդ, հասկանալի է, որ թշնամուն դիվանագիտական, քաղաքական, ռազմական առումով հակազդելու, զսպելու կամ անհրաժեշտ հարվածներ հասցնելու միջոցները, մեթոդները տարբեր են, դրանց մի մասը կարող են տեսանելի չլինել՝ հատկապես եթե խոսքը ռազմական գործոնի մասին է, սակայն տպավորություն ունեմ, որ կիրառման ենթակա մեծ թվով միջոցառումներ չեն իրականացվում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել