Հանրապետության նախագահը անհապաղ վարչապետ է նշանակում մեծամասնության ներկայացրած թեկնածուին. Սահմանադրություն

Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Այս մասին է Սահմանադրության 149-րդ հոդվածը։

Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Վարչապետի ընտրությունն անցկացվում է անվանական քվեարկությամբ:

Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուին:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանում կլինի 107 պատգամավոր, որից կբաշխվեն.

  1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 71 մանդատ
  2. «Հայաստան» դաշինք – 29 մանդատ
  3. «Պատիվ ունեմ» դաշինք – 7 մանդատ

Նշենք, որ սրանք նախնական տվյալներ են և հնարավոր է փոփոխություններ լինեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել