ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը մասնակցել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) միջկառավարական փորձագիտական խմբերի նիստերին:
Այս մասին տեղեկանում ենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանն առցանց ձևաչափով մասնակցել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) Մրցակցության և սպառողների պաշտպանության մասին օրենսդրության և քաղաքականության հարցերով միջկառավարական փորձագիտական խմբի 5-րդ և Մրցակցության օրենսդրության և քաղաքականության հարցերով միջկառավարական փորձագիտական խմբի 19-րդ նիստերին:
Նիստերի օրակարգը ներառում էր մրցակցության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես Մրցակցության օրենսդրության և քաղաքականության հարցերով միջկառավարական փորձագիտական խմբի 19-րդ նիստին քննարկվել են թվային դարաշրջանում մրցակցության օրենսդրությունը, քաղաքականությունները և կարգավորումները, COVID-19 համավարակի ընթացքում և հետհամավարակային շրջանում իրականացվող մրցակցության քարոզչությանը վերաբերող հարցեր, ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի գծով աշխատանքային խմբի գործունեության հիմնական արդյունքներն ու հեռանկարները: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են նաև Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ Հայկ Կարապետյանը և Շուշան Սարգսյանը:
Շուշան Սարգսյանն իր ելույթում, կարևորելով սահմանափակող գործողությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողության պահպանման ընթացակարգերի վերաբերյալ համատեղ նախաձեռնությունների դերը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում, աջակցություն է հայտնել անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությանը:
Քննարկվել են նաև անդրսահմանային կարտելների դեմ մրցակցության օրենսդրության կիրառման միջազգային փորձառություններին և լավագույն փորձին առնչվող հարցեր, ներկայացվել մրցակցության օրենսդրության և քաղաքականությունների վերաբերյալ փորձագիտական գնահատումներ և զեկույցներ: